Ռուսաստանը կաջակցի Սիրիային ռազմական միջամտության դեպքում. ՌԴ նախագահ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 6-ին վերահաստատել է, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի մերձակայքում իրականացված քիմիական հարձակումը «Սիրիայի զինյալների կողմից իրականացված սադրանք է»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին

Սանկտ Պետերբուրգում Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի ավարտից հետո ՌԴ նախագահը շեշտել է, որ այն, ինչ կատարվել է այսպես կոչված «քիմիական զենքի կիրառման հետևանքով», Սիրիայի զինյալների կողմից կազմակերպված բացահայտ սադրանք է, որոնք «ակնկալում են այդպիսով օգնություն ստանալ դրսից՝ այն երկրներից, որոնք ի սկզբանե աջակցում էին նրանց»։

Պուտինը նաև ասել է, որ ՌԴ պաշտոնյաների ու իր հայտարարությունները վերջին օրերին՝ կապված Սիրիայի հակամարտության հետ, «խուսափողական» բնույթ էին կրում, քանի որ քիմիական հարձակման մեղավորները փաստացիորեն հայտնի չեն, ուստի ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ուղիղ իմաստով արված հայտարարությունները՝ Սիրիային հարված հասցնելու առնչությամբ, օրենքի սահմաններում չեն։

«Ռուսաստանը կաջակցի Սիրիային ռազմական միջամտություն իրականացվելու դեպքում, սակայն դա չի նշանակում, որ աջակցությունը լինելու է «հարված հասցնողների» դեմ»,-հայտարարել է ՌԴ նախագահը։

Հիշատակելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հավանական հանդիպման մասին՝ Վլադիմիր Պուտինը նշել է, որ իրենց զրույցը կայացել է, բայց շոշափելի արդյունքներ չեն գրանցվել։ «Զրույցը տևեց 20-30 րոպե։ Ես մնացի իմ կարծիքին, Օբաման՝ իր։ Ես համամիտ չեմ իր փաստարկումների հետ, սակայն մենք լսում ենք միմյանց»,-վկայել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքերով՝ իրենք պայմանավորվել են, որ երկու երկրների արտգործնախարարները՝ Սերգեյ Լավրովը և Ջոն Քերին, մոտ ժամանակներս կհանդիպեն ու կրկին կքննարկեն Սիրիայի հիմնախնդիրը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը սեպտեմբերի 5-ին հայտարարել էր, որ Սիրիայի հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Իսկ մինչ այդ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ Սիրիայի հարցի լուծումը ՄԱԿ-ի շրջանակներում անհնարին է՝ կապված Անվտանգության խորհրդում ՌԴ որդեգրած դիրքորոշման հետ։ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սամանթա Փաուերն ասել էր, որ Ռուսաստանը, դեմ գնալով Սիրիայում ռազմական միջամտությանը, «պատանդ է պահում» ՄԱԿ ԱԽ-ին՝ միաժամանակ «հետ կանգնելով սեփական միջազգային պարտավորությունների կատարումից, որոնք ենթադրում են զանգվածային ոչնչացման զենքի կիրառմանը խոչընդոտելը»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *