Թաիլանդը ստացել է պատվիրված 12 կործանիչներից վերջին 3-ը

2013-ի սեպտեմբերի 4-ին Թաիլանդը ստացել է պատվիրված 12 միավոր JAS 39 Gripen կործանիչներից վերջին 3-ը։
Համաձայն «Ջեյնս» պարբերականի հաղորդած տվյալների՝ ինքնաթիռները Շվեդիայից թռիչք են կատարել դեպի Թաիլանդ։

JAS 39 Gripen կործանիչ

JAS 39 Gripen կործանիչ

Պարզվում է՝ ինքնաթիռների տրամադրման գործընթացը երկարաձգվել է 2 օրով, քանի որ թռիչքի ժամանակ Հնդկաստանի օդային տարածքում կործանիչներից մեկը կայծակի հարված է ստացել, ուստի անհրաժեշտություն է ծագել չծրագրած վայրէջք կատարել Հնդկաստանում՝ վերալիցքավորման ու կայծակից ստացված վնասները գնահատելու նպատակով։

Հիշեցնենք, որ Թաիլանդը ձեռք է բերել այս կործանիչները 2 տարբեր պայմանագրերի շնորհիվ, որոնցից մեկը կնքվել է 2009-ին, մյուսը՝ 2010-ին։ Բոլոր կործանիչները գրանցվել են Թաիլանդի Սուրաթ-Թանի ավիաբազայում՝ երկրի հարավում։ Պայմանագրի շրջանակներում շվեդական Saab ընկերությունը պարտավորվում է տրամադրել Թաիլանդի
զինվորականներին նաև հեռահար ռադիոտեղորոշման հայտնաբերման 2 միավոր Saab 340 Erieye ինքնաթիռ, 1 միավոր Saab 340 բեռնատար։ Պայմանագրի ընդհանուր արժեքն է 1,7 մլրդ ԱՄՆ դոլար։

Ըստ Թաիլանդի ՊՆ ծրագրերի՝ նոր կործանիչները փոխարինելու են F-5A/B/E/F Freedom Fighter/Tiger II հնացած ինքնաթիռներին։ Ներկա դրությամբ Թաիլանդի ՌՕՈւ-ն ունի 53 միավոր F-5 տիպի կործանիչ։

Հավելենք, որ Թաիլանդից բացի, Gripen կործանիչներ ունեն Շվեդիան ու Հարավաֆրիկյան հանրապետությունը։ Այս տիպի ինքնաթիռներով թռիչքներ են կատարում Չեխիայի ու Հունգարիայի ՌՕՈւ-երը, որոնք շահագործում են դրանք վարձակալման սկզբունքով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *