ՌԴ ՊՆ-ն խոսել է սպառազինության պետական ծրագրերի թերացումներից

ՌԴ սպառազինության վերջին 3 պետական ծրագրերը չեն իրականացվել ֆինանսավորման սխալ գնահատման, դրամի արժեզրկման և մի շարք այլ պատճառներով։
Ինչպես տեղեկացնում է «Կոմերսանտ» պարբերականը, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարի՝ սպառազինության գծով տեղակալ Յուրի Բորիսովը։

Նա շեշտել է, որ սպառազինության պետական ծրագրի թերացումները առավելապես արտացոլվել ու արտացոլվում են նավաշինության բնագավառում։ Բացի այդ, ըստ աղբյուրի՝ պետական ծրագրի ժամանակին ի կատար ածմանը խոչընդոտում են ՌԴ արդյունաբերության ու առևտրի նախարարության կողմից պատվիրված գիտահետազոտական հսկայական աշխատանքները, որոնք նախապես համաձայնեցված չեն ՊՆ-ի և ՌԾՈւ-ի հետ։ Դա հանգեցնում է պատրաստ ռազմանավերի՝ նավատորմին տրամադրման ժամկետների ուշացմանը։
Մասնավորապես, 677 «Լադա» նախագծի «Սանկտ-Պետերբուրգ» նավը հանձնվել է փորձարկումների միայն 2010-ին, մինչդեռ ի սկզբանե ծրագրված էր այն տրամադրել ՌԾՈւ-ին 2007-ին։

Ըստ «Կոմերսանտի»՝ ՊՆ-ում սեփական աղբյուրների հաղորդած տեղեկության՝ պետական ծրագրի հետ չհամաձայնեցրած գիտահետազոտական ու փորձարարական-կոնստրուկտիվ աշխատանքների իրականացման պատճառով՝ մինչ օրս չի կայացել «Լիրա» հիդրոակուստիկ համակարգի փորձարկումը։

Համանման բարդություններ են ի հայտ եկել նաև 20380 նախագծի հետախուզական նավի ստեղծման ընթացքում։ Ընդ որում, արդյունաբերությունը չի ավարտել նավի «Ռեդուտ» զենիթահրթիռային համակարգի, ռադիոէլեկտրոնային «Մոնումենտ-Ա» և հականավային «Պակետ» համակարգերի կառուցումը։ Այդ պատճառով էլ առաջին նավի տրամադրումը հետաձգվել է 2001-ից մինչև 2012-ը, երկրորդինը՝ 2011-ից 2013-ը, երրորդինը՝ 2012-ից 2014-ը։

Ստեղծված իրավիճակը շտկելու նպատակով ՌԴ ՊՆ-ն մտադիր է մշակել փոխհարաբերությունների նոր ձևաչափ ռազմարդյունաբերական ձեռնարկությունների հետ։ Մանրամասները հստակեցվելու են 2016-2025 թթ. սպառազինության նոր պետական ծրագրում։ Ըստ նույն աղբյուրի՝ այս անգամ առանցքային է լինելու արտադրանքի որակը։
Հիշեցնենք, որ 2013-ի մայիսի վերջին ՌԴ վարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր՝ նավաշինական մի քանի ծրագրեր, հնարավոր է, ընթացիկ տարում տապալվեն։ Նա պատճառների մասին չէր նշել, սակայն հավաստիացրել էր, որ տապալումը կասեցնելու համար անհրաժեշտ է «կառավարության ուղիղ միջամտությունը»։

Հավելենք, որ 2011-2012-ը ՌԴ ՊՆ-ի ու ռազմարդյունաբերական համակարգի միջև այսպես կոչված «գնային պատերազմներ» էին ընթանում։ Դա հանգեցնում էր ծրագրերի թերի կատարմանը։ Զինվորականները պնդում էին, որ ռազմարդյունաբերական արտադրանքի գործարանային գինը նվազեցվի, իսկ արտադրողները վկայում էին՝ այդ դեպքում արտադրությունը կդառնա ոչ շահութաբեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *