ՕԿՀ 1-ին մակարդակի միջազգային դասընթաց` ՀՀ-ում

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) շրջանակներում Հայաստանում անց է կացվում ՕԿՀ 1-ին մակարդակի միջազգային դասընթաց և ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրաձգային գումարտակի՝ ՆԱՏՕ-ի կողմից 1-ին մակարդակի գնահատում, փոխանցում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Միջազգային դասընթացին և գնահատմանը մասնակցում է 21 երկրի թվով 64 զինծառայող, որոնցից 13-ը՝ ՆԱՏՕ-ի անդամ, իսկ 35-ը՝ տարբեր գործընկեր երկրներից: Այս միջոցառումներին որպես հրանգիչներ և փորձագետներ մասնակցում են Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ԶՈւ գերագույն հրամանատարության մասնագետները, իսկ որպես խորհրդատուներ՝ ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակները:
ՕԿՀ գնահատողների դասընթացին որպես ունկնդիրներ մասնակցում են ՀՀ ԶՈւ 6 և արտերկրի 50 զինծառայող: Նրանք դասընթացի ավարտից հետո ստանալու են ՕԿՀ 1-ին մակարդակի գնահատողի միջազգային հավաստագրեր:

ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրաձգային գումարտակի՝ ՕԿՀ 1-ին մակարդակի գնահատման զորավարժությունը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության գործընկեր երկրների ԶՈւ ստորաբաժանումների հետ բրիգադի փոխգործունակության և օպերատիվ համատեղելիության փորձարկմանը:

Զորավարժության հրամանատարաշտաբային փուլի ընթացքում մասնակիցները գիտելիքներ են ձեռքբերում շտաբային ընթացակարգերի և գործողությունների ղեկավարման ու կառավարման հարցերում` սկսած մարտական հրամանի ստացումից, շտաբում դրա մշակումից, ենթակա ստարաբաժանումների միջև խնդիրների բաշխումից մինչև գործողության դադարեցումը:
Զորավարժության դաշտային փուլի ընթացքում մասնակիցները հմտանում են խաղաղապահ առաքելության այնպիսի խնդիրների իրականացման մեջ, ինչպիսիք են պարեկությունը, շարասյունների ուղեկցումը, հսկիչ անցակետերի վարումը, ուղեփակման և խուզարկման գործողությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *