«Բանակում մահվան ելքով դեպքերը նվազել են 33 տոկոսով». զինդատախազ

ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ երեք հիմնական խնդրի:

-2011թ. արձանագրվել է զինծառայությունն անցնելու հետ կապված մահվան 36 դեպք, որից 30-ը հանցագործության հետևանք են, իսկ 30-ից 10 զինվոր մահացել է հակառակորդի կողմից կատարված հանցագործության հետևանքով: 2010թ. գրանցվել է մահվան 54 դեպք: Եթե համեմատելու լինենք՝ 2011թ. մահվան ելքով դեպքերը նվազել են 33 տոկոսով: Ընդ որում, անցած տարի գրանցվել է ծառայություն անցնելու հետ կապված սպանության երկու դեպք, նախորդ՝ 2010թ. սպանության 17 դեպքի համեմատությամբ,-ամփոփելով անցած 2011թ. և համեմատականներ անցկացնելով 2010թ. հետ՝ ասաց Գևորգ Կոստանյանը:

Զինդատախազը նշեց, որ մահվան դեպքերի նվազման ցուցանիշներն էական են, սակայն յուրաքանչյուր մահ մեծ ցավ ու մեծ դժբախտություն է բոլորի համար: Նա նաև նշեց, որ նվազել են նաև հիվանդությունների պատճառով արձանագրված մահվան դեպքերը:

-2011թ. արձանագրվել է նման 3 դեպք, նախորդ տարվա 10 դեպքի համեմատ: Զինված ուժերում հանցագորությունների թիվը նվազել է 10 տոկոսով: Սակայն դա ևս սահման չէ, և պետք է հասնել նման դեպքերի և հանցագործությունների թվի հնարավորինս նվազմանը,- համոզմունք հայտնեց զինդատախազը՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի ցուցանիշներն առավել հուսադրող և դրական կլինեն:

Գևորգ Կոստանյանը չշրջանցեց նաև բանակի և, ընդհանարպես, զինված ուժերին վերաբերող հրապարակումները` այն դիտարկելով որպես ներկայացվելիք երկրորդ խնդիր:

-ԶՈՒ-ում հանցագործությունների քննարկան, լուսաբանման, տեղեկատության տարածման ընթացքում առաջ են գալիս մի շարք խնդիրներ: Դրա վառ ապացույցն է այն, որ մենք ականատես ենք եղել բազմաթիվ դեպքերի,երբ տարածվում է ապատաղեկատվություն, որը լայն արձագանք է ստանում, և ոմանք ընկալում են որպես փաստ: Տեղեկատովության ձեռքբերման, տարածման ազատությունը պետք է լինի պատշաճ հիմնավորվածության շրջանակում: Եթե լրագրողն ունի հանցագործության մասին փաստեր, ապա պետք է հայտնի, թեկուզ դատարանի որոշումից հետո, որպեսզի կարողանա օգնել հանցագործության բացահայտմանը: Յուրաքանչյուր դեպքի առնչությամբ, երբ տարածվի տեղեկություն՝ լրագրողը պետք է հրավիրվի քննչական բաժին, գործի հանգամանքների վերաբերյալ ունեցած տեղեկությունը հայտնելու համար,- ասաց Գևորգ Կոստանյանը:

Որպես երրորդ խնդիր՝ զինդատախազն անդրադարձավ պաշտպանության նախարարության և զինդատախազության համագործակցությանը:

-Նախարարության և զինդատախազության կողմից իրականցվում են համատեղ միջոցառումներ, որոնք մեր խորին համոզմամբ, հանգեցնելու են ցանկալի արդյունքերի` ԶՈՒ-ում կարգապահության բարձրացման ուղղությամբ: Անցած տարվա աշնանը նախագծվել էր զինվորական ներքին կարգապահական կանոնագիրքը, ունենք երկու օրենքի նախագիծ, որոնք գտնվում են ներքին կիրառման փուլում: Դրանք ուղղված են կարգապահության բարձրացմանը և ներառում են խախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ,- ասաց զինդատախազը՝ հավելելով, որ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է լրագրողների օժանդակությունը, և ողջունելի է առողջ քննադատությունը:

Զինդատախազը չշրջանցեց նաև այն մտահոգությունները, որոնց համաձայն, նախաքննությունը սխալ է կատարվում՝ չնպաստելով գործի բացահայտմանը:

” Դատավարության մասնակիցը հնարավորություն ունի քննական փուլի ընթացքում ներկայացնել իր բողոքները: Եղել են դեպքեր, երբ ներկայացված բողոքի հիման վրա կազմակերպվել է հրապարակային քննարկում՝ դատախազի, քննիչի, տուժողի իրավահաջորդի, փաստաբանի մասնակցությամբ քննարկվել են այն փաստարկները, որոնք ներկայացվել են: Սակայն, մեզ համար դժվար է այդ բողոքներին անդրադառնալ էմոցիոնալ տեսակետից, դժվար է քննարկում իրականացնել մահացած զինվորի ծնողի հետ: Մասնագիտական տեսակետից՝ պատրաստ ենք քննարկել ցանկացած գործ,- նշեց Կոստանյանը՝ շեշտելով, որ եթե քննիչը թույլ է տվել խախտում, ապա պատրաստ են շտկել դրանք:

Զինդատախազը նշեց նաև, որ եղել են դեպքեր, երբ կասկածի տակ է դրվել նախաքննության ընթացքը և դատախազի գործողությունները: Նման դեպքերում նա տուժող կողմին է հանձնել համապատասխան օրենքներն ու համաներման մասին որոշումը՝ խորհուրդ տալով քննարկել փաստաբանների հետ, թե կա արդյոք այլ որոշում, քան կայացվել է: Եթե լինի, Գևորգ Կոստանյանը վստահեցրեց, որ պատրաստ է և կարող է քրեական հետապնդում հարուցել այդ անձի նկատմամբ:

Զինդատախազը չցանկացավ դեպքերին առանձին-առանձին անդադառնալ, սակայն նշեց, որ 2010թ. հետո չկա որևէ հանցանք, որը արձանագրված և քննության փուլում չլինի ինչպես նաև ընդգծեց, որ մինչ այդ, իսկապես, եղել են դեպքեր, որոնց նախաքննությունը սխալ է կատարվել:

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե ոմանք կարծում են, որ բանակում հանցագործույունների թվի աճ է գրանցվել՝ զինդատախազը նշեց, որ փաստերը հակառակն են պնդում, իսկ նման ընկալումը պայմանավորեց համակարգի թափանցիկ դառնալով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *