ՊՆ. Ադրբեջանական կողմը հերթական սադրանքների է դիմել

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, Ադրբեջանի լրատվամիջոցները, հղում տալով Թովուզի շրջանի կենտրոնական հիվանդանոցից իրենց փոխանցած տվյալներին, գրում են «հայկական կողմից հրադադարի խախտման հետևանքով տուժած խաղաղ բնակչի մասին»։

Ըստ ադրբեջանական մամուլի՝ Բաքվի ժամանակով 18։00-ի սահմաններում Ալիբեյլի սահմանամերձ գյուղի 28-ամյա բնակիչ Մուսաև Ադիլ Վեքիլ օղլուն ուսի հատվածում հրազենային վանսվածք է ստացել՝ «գյուղի փողոցում զբոսնելու ընթացքում»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել։

Ռազմինֆոն հարցի առնչությամբ զրուցեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Վերջինս հերքեց քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակիչների ուղղությամբ հայկական կողմից կրակելու պնդումները։ Ճիշտ հակառակը, Ադրբեջանն է պարբերաբար կրակի բացում խաղաղ բնակավայրերի ուղղությամբ. «Մենք բազմիցս զգուշացրել ենք Ադրբեջանին, որ իրենց կողմից հրադադարը պարբերաբար խախտելու դեպքում պատասխանելու ենք ըստ արժանվույն։ Երեկ, սեպտեմբերի 4-ին, վաղ առավոտից, ադրբեջանական կողմից շարունակաբար խախտվում էր հրադադարի ռեժիմը Մովսես ու Այգեպար գյուղերի ուղղությամբ։ Կեսօրին մոտ կրակն ավելի ինտենսիվ է դարձել, վնասվել է մեկ քաղաքացիական մեքենա, և հայկական կողմը հարկադրվածն է եղել պատասխան կրակով լռեցնել ադրբեջանցիներին։ Սահմանում լարվածության ողջ պատասխանատվությունն ադրբեջանական կողմի վրա է»։

Մեր կողմից տուժածների մասին հարցին Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ միջադեպից ոչ ոք չի տուժել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *