ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հաստատեց Սիրիայի վերաբերյալ բանաձևը

Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ Սենատի՝ միջազգային հարցերի գծով հանձնաժողովը հաստատել է Սիրիայում ռազմական միջամտություն իրականացնելուն ուղղված բանաձևը։

Համաձայն «Ռոյթերս» լրատվական գործակալության տվյալների՝ բանաձևին կողմ են քվեարկել հանձնաժողովի 10 անդամներ, 7-ը՝ դեմ, իսկ 1-ը՝ ձեռնպահ։ Այժմ բանաձևը դրվելու է ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատի քննարկմանը։ Ակնկալվում է, որ դա կկայանա գալիք շաբաթվա ընթացքում։

Նշենք, որ նույն ժամանակահատվածում CNN հեռուստաընկերության հաղորդած տվյալներով՝ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցչական պալատի խոսնակ Ջոն Բեյերը հրաժարվել է հանդիպել իր ռուս պաշտոնակիցների հետ։ Վերջիններս մտադիր էին քննարկելու Սիրիայում Արևմուտքի կողմից ուժի կիրառման նպատակահարմարությունը։ Հանդիպումից հրաժարվելու պատճառների մասին աղբյուրը լռում է։

Այնուհանդերձ, Վաշինգտոնում ՌԴ դեսպանատնից տեղեկացնում են, որ ինչ էլ պատահի, մյուս շաբաթվա ընթացքում կայանալու է ռուս և ամերիկյան դիվանագետների հադիպումը։ Դեռևս պարզ չէ, թե Ռուսաստանի պատվիրակության կազմում ովքեր են ընդգրկվելու։

Հարկ է նշել, որ ըստ վերլուծաբանների՝ ռուս դիվանանգետներին սպասվում է սառը ընդունելություն՝ հաշվի առնելով ԱՄՆ նախկին ու ներկա պաշտոնյաների մեկնաբանությունները։ Մասնավորապես, Սենատի՝ միջազգային հարցերի գծով հանձնաժողովի նախկին ղեկավար Դիկ Լուգարը վկայել է՝ «հազիվ թե ՌԴ խորհրդարանի անդամների այցը որևէ էական ազդեցություն ունենա ԱՄՆ-ի կայացրած որոշումների ու հետագա քայլերի վրա»։

Ըստ CNN-ի՝ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցչական պալատի անդամներից մեկը, որի անունը չի հրապարակվում, մեկնաբանելով ռուս դիվանագետների սպասվելիք այցը՝ ասել է. «Հաջողություն իրենց»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին ԱՄՆ Սենատի՝ միջազգային հարաբերությունների գծով հանձնաժողովը ներկայացրել է Սիրիայի հարցով բանաձևի նախագիծ, որում առաջարկվում է Սիրիայում ռազմական գործողությունները սահմանափակել 2 ամսով։

Հավելենք, որ Դամասկոսի մերձակայքում քիմիական զենքի հավանական կիրառումը ստուգելու և քննելու նպատակով Սիրիա ժամանած ՄԱԿ փորձագետները լքել են երկիրը օգոստոսի 31-ին, սակայն դեռևս որևէ զեկույց չեն ներկայացրել։ Փոխարենը, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի պաշտոնյաները պարբերաբար կոչ են անում ռազմական գործողություններ սկսել Սիրիայում՝ չնայած որ Արևմուտքում այս հարցում միակարծություն չկա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *