Ջրծաղիկից մահացած զինվորի գործով կա ձերբակալված: Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը կտեղափոխվի Իջևան: ԼՂՀ պաշտպանության բանակը տարին սկսել է ուսումնական վարժանքներով: Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին:
- Ջրծաղիկից մահացած զինվորի գործով որպես կասկածյալ ձերբակալվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Մինաս Սերգեյի Մկրտչյանը:
- Պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունն այսուհետ կանցկացվի Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Նման որոշում դատավորը կայացրել է երեկ՝ դատարանի դահլիճում գրանցված խառնաշփոթից հետո: Սակայն, տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը կտրականապես դեմ է դատական նիստերը կրկին Տավուշ վերադարձնելուն:
- Երգիչ Արամոն, այն հարցին, թե տղային կուղարկի բանակ՝ պատասխանել է. «Կարծում եմ` օրենք պետք է մտածեն. արվեստագետները, մշակույթի գործիչները չպետք է ծառայեն, նրանք անուն պետք է բերեն երկրին: Շնորհալի երեխաների համար պետք է լինի բացառություն»:
Միջազգային լուրերը հայկական մամուլում
- Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները միտված են տնտեսությանը հարվածելուն և միտված չեն ատոմային զենքի տարածումը կանխելուն: Նա նաև նշել է, որ Ռուսաստանը՝ նախկինում ստորագրած պայմանագրերի համաձայն, իրավունք ունի զենք վաճառել Սիրիային՝ առանց խախտելու որևէ միջազգային նորմ և դրա համար պարտավոր չեն հաշվետվություն տալ: Լավրովը, անդրադառնալով Գաբալայի ՌԼԿ-ին, ասել է, որ այդ հարցում Ռուսաստանն ու Ադրբեջանը սկզբունքային տարաձայնություններ չունեն և միակ տարաձայնությունը վարձավճարի չափն է:
- Իսկ ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Մահմուդռեզա Սաջջադին համոզմուք է հայտնել, որ եթե Իրանն Արևմուտքի նախանշած սցենարով զոհաբերվի՝ հաջորդը Ռուսաստանի հերթը կլինի:
- Վաշինգտոնը մտադիր չէ ռազմական ուժի դիմել Իրանի միջուկային խնդրի լուծման հարցում, քանի դեռ Թեհրանի գործողությունները մարտահրավեր չեն նետում միջազգային հանրությանը: Նման հայտարարություն է արել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
- Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն հաստատել են գործողությունների «ճանապարհային քարտեզը»՝ ընդհանուր հայտարարի գալով մի շարք ռազմական հարցերում:
- Ռուսաստանն անհանգստացած է ԱՄՆ ՀՀՊ համակարգի՝ իր սահմանների մոտակայքում, այդ թվում և Վրաստանում, տեղակայման հնարավորությամբ: Ռուսաստանը ստիպված կլինի իր հարվածային համակարգերը ուղղել այդ օբյեկտների վրա: Հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:
- Այն բանից հետո, ինչ Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնապես հաստատեց երկրի արևելյան հատվածում ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայման մասին լուրը, որին բազմիցս դեմ է արտահայտվել Իրանը՝ այսօր Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին ժամանել է Թուրքիայի Քոնիա քաղաք։
- Ադրբեջանի բանակում զինվորը սպանել է մեկ՝ վիրավորել՝ ևս երկու ծառայակցի:
- Իրաքում Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ արձակվել է 3 հրթիռ, որոնք վնասել են դեսպանատան դիմացի պաշտպանական պատը։