Գերմանիայի ՌՕՈւ Euro Hawk անօդաչու թռչող սարքը թռիչքի տևողության ու առանց լիցքավորման թռիչքի ռեկորդ է սահմանել։ Համաձայն ԱԹՍ-ի ստեղծող Northrop Grumman ամերիկյան ընկերության մամուլի ծառայության տվյալների՝ 2013-ի օգոստոսի 8-9-ը Euro Hawk-ը 25,3 ժամ տևողությամբ թռիչք է իրականացրել 17,9 հազար մետր բարձրության վրա։
Ըստ Northrop Grumman ընկերության գնահատականի՝ ԱԹՍ-ի թռիչքը հաջող է անցել։
Նշենք, որ ներկա դրությամբ Euro Hawk անօդաչու թռչող սարքը մասնակցում է փորձարկումների շարքին, որոնց շրջանակներում 2013-ի հունիսի 6-ին իրականացրել է 6,5 ժամ տևողությամբ թռիչք Հյուսիսային ծովի վրա։ Ամառային փորձարկումներին ընդհանուր առմամբ կատարել է 19 թռիչք։ Ակնկալվում է, որ փորձարկումները կտևեն մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջը։
Հիշեցնենք, որ 2011-ի հուլիսին Euro Hawk ԱԹՍ-ն իրականացրել է տրանսատլանտյան թռիչք։ Այն վերելք է կատարել ԱՄՆ ՌՕՈւ Կալիֆորնիայի Էդվարդս ռազմաբազայից՝ հուլիսի 21-ին վայրէջք կատարելով Գերմանիայի Մանխինգ օդանավակայանում։ Ընդհանուր առմամբ ԱԹՍ-ն օդում մնացել է 22 ժամ՝ հաղթահարելով ավելի քան 9 հազար կմ տարածություն։ Սա առաջին անդրատլանտյան թռիչքն էր՝ իրականացված ԱԹՍ-ի կողմից։
Հավելենք, որ Euro Hawk ԱԹՍ-ի արտադրությունը մեկնարկել է 2007-ից։ Նախագծում մասնակցում են Northrop Grumman ու Cassidian ընկերությունները։ Այն ստեղծվել է ամերիկյան RQ-4 Global Hawk Block 20-ի հիմքի վրա, սակայն ունի էական տարբերություն՝ ռադիոտեխնիկական հետախուզման սարքավորում։
2013-ի ամռան սկզբին Գերմանիայի իշխանությունները հրաժարվել են Euro Hawk ԱԹՍ-ի հետագա արտադրության ու գնման ծրագրից՝ պատճառաբանելով ռազմական բյուջեի հնարավորությունների պակասը։