«Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը փորձել է պարզել Միջերկրական ծովում արձակված 2 բալիստիկ հրթիռների վերաբերյալ տեղեկության իսկությունը։
Այս առնչությամբ գործակալությանը մեկնաբանություն է տվել Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը՝ վկայելով, որ «հրթիռների արձակումը կայացել է հակահրթիռային պաշտպանության համակարգերի, Իսրայել-ԱՄՆ համատեղ փորձարկման շրջանակներում»։
Ներկայացուցիչը նաև շեշտել է, որ դրանք եղել են «Յակր» տիպի հրթիռներ, որոնք կիրառվում են հակահրթիռային համակարգերի փորձարկման ժամանակ։
Հավելենք, որ ավելի վաղ Դամասկոսից տեղեկացրել էին, որ հրթիռներն ընկել են ծովը, իսկ Sky News արբանյակային հեռուստաալիքը, հղում կատարելով Սիրիայի ուժային կառույցների աղբյուրներին, հայտնել էր՝ Սիրիայի ՌՏԿ-ները որևէ հրթիռային արձակում չեն գրանցել։
Այնուհանդերձ, ռուսական ոչ պաշտոնական աղբյուրները շարունակում են տեղեկություններ տարածել, որ հրթիռներն ամենայն հավանականությամբ արձակվել են Միջերկրական ծովում ամերիկյան նավից։
Հիշեցնենք, որ համաձայն ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրությանը՝ ՌԴ հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգերը սեպտեմբերի 3-ի վաղ առավոտյան գրանցել են երկու բալիստիկ հրթիռի արձակումը Միջերկրական ծովի ջրային տարածքներում։
Ըստ հաղորդագրության՝ հրթիռների արձակումը հայտնաբերել է ՌԴ Արմավիրի ՌՏԿ-ն։
Հիշեցնենք, որ Միջերկրածովի արևելյան ափին տեղակայված է Սիրիան, որի շուրջ իրավիճակը, ինչպես գիտենք, վերջին օրերին լարված է։
ՌԴ ՊՆ-ից լրատվամիջոցներին հայտնել են, որ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն անմիջապես տեղեկացրել է նախագահ Վլադիմիր Պուտինին հրթիռների արձակման տվյալների մասին։
Pingback: ՌԴ ԶՈւ-ն արձանագրել է դեռևս անհայտ պատկանելության բալիստիկ հրթիռի արձակում Միջերկրական ծովում | Ռազմ.info