Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը տեղեկացրել է՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը կարճ հաղորդագրություն է տարածել։
Համաձայն դրա՝ ՌԴ հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգերը սեպտեմբերի 3-ի վաղ առավոտյան գրանցել են երկու բալիստիկ հրթիռի արձակումը Միջերկրական ծովի ջրային տարածքներում։
Ըստ հաղորդագրության՝ հրթիռների արձակումը հայտնաբերել է ՌԴ Արմավիրի ՌՏԿ-ն։
Հիշեցնենք, որ Միջերկրածովի արևելյան ափին տեղակայված է Սիրիան, որի շուրջ իրավիճակը, ինչպես գիտենք, վերջին օրերին լարված է։
ՌԴ ՊՆ-ից լրատվամիջոցներին հայտնել են, որ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն անմիջապես տեղեկացրել է նախագահ Վլադիմիր Պուտինին հրթիռների արձակման տվյալների մասին։
Նշենք նաև, որ ներկա դրությամբ Սիրիայի դեսպանությունը որևէ կերպ չի մեկնաբանել այս տեղեկությունը։