Իրաքը համաձայնեց ընդունել ուկրաինական ԲՏՌ-4-երի հերթական խմբաքանակը

Իրաքը համաձայնել է ընդունել Խարկովում արտադրվող ԲՏՌ-4 զրահափոխադրիչների հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտնում են ուկրաինական աղբյուրները՝ հղում անելով Խարկովի շրջանի պետական ադմինիստրացիայի նախագահի տեղակալ Անդրեյ Մոչենկովին։

Ուկրաինական ԲՏՌ-4-երը Իրաք փոխադրելիս

Ուկրաինական ԲՏՌ-4-երը Իրաք փոխադրելիս

Նշենք, որ 2009 թվականին Իրաքն ու Ուկրաինան կնքել են 450 միավոր ԲՏՌ-4 Իրաքին մատակարարելու մասին պայմանագիր։ Ըստ համաձայնության՝ զրահափոխադրիչները պատվիրատուին պիտի հասնեին մինչև 2012 թվականի մարտը։

Առաջին 100 միավոր տեխնիկան Իրաք է հասել 2010 թվականին, ևս 42 միավոր մատակարարվել է այս տարվա գարնանը, սակայն այդ խմբաքանակի որակի հետ կապված իրաքյան կողմը դժգոհություններ է ունեցել։

Իրաքյան կողմը դժգոհություններ է հայտնել նաև զրահափոխադրիչների վերջին խմբաքանակի որակի հետ կապված և երկար ժամանակ հրաժարվում էր դրանք ընդունել։ Արդյունքում մեքենաները տեղափոխող սինգապուրյան SE PACIFICA նավը ստիպված էր մոտ մեկ ամիս բեռով մնալ Պարսից ծովի միջազգային ջրային տարածքում։

Համաձայն Dumskaya.net պորտալի տվյալների՝ ուկրաինական կողմը հրաժարվում էր վճարել բեռնափոխադրող ընկերությանը նավը հավելյալ օրեր զբաղեցնելու համար և ընկերությունն արդեն սկսել էր բեռից «ազատվելու» ուղիներ փնտրել։ Մասնավորապես չէր բացառվում, որ նավը կբեռնաթափվի երրորդ երկրի նավահանգստում, ինչից հետո տեխնիկան կարող էր բեռնափոխադրողի միջնորդությամբ կալանքի տակ հայտնվել։

Խնդրի շուրջ բանակցությունների համար ուկրաինական կողմի ներկայացուցիչները մոտ մեկ ամիս առաջ ժամանել էին Իրաք։ Ըստ տարածված տեղեկությունների՝ ուկրաինացիներն առաջարկել են ընդունել տեխնիկան, ինչից հետո ուկրաինական մասնագետները կժամանեն Իրաք և տեղում կվերացնեն տեխնիկական թերությունները։ Ենթադրվում է նաև, որ տեխնիկան ընդունվելու է նկատելի զեղչով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *