Հնդկաստանը ստացավ երրորդ C-17 Globe Master ինքնաթիռը

Սեպտեմբերի 2-ին Հնդկաստանի ՌՕՈւ հրամանատարությունը Դելիի մերձակա Հինդոն ավիաբազայում ընդունեց ամերիկյան «Բոինգ» ընկերության արտադրած թվով երրորդ C-17 Globe Master բեռնատար ինքնաթիռը:

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Հնդկաստանի պաշտպանության նախարար Արաքարամբիլ Քուրիան Էնթոնին ու ՌՕՈւ հրամանատար Նորման Անիլ Քումար Բրաունը: Ինքնաթիռն ընդգրկվեց 81-րդ տրանսպորտային էսկադրիլիայի կազմում:
Պայմանագրի համաձայն` Հնդկաստանն ԱՄՆ-ից ստանալու է 10 ինքնաթիռ, որոնցից երեքն արդեն Հնդկաստանում են, ևս երկուսը կհասցվեն մինչև 2013 թվականի վերջ, իսկ մնացած հինգը Հնդկաստանին կհանձնվեն հաջորդ տարվա ընթացքում:

Պաշտպանության նախարարությունում քննարկվում է C-17 ինքնաթիռների նոր խմբաքանակ գնելու հնարավորությունը:
Ինքնաթիռը կարող է տեղափոխել 80 տոննա բեռ ու 150 լրիվ հանդերձավորված զինվոր: Այն հնդկական ՌՕՈւ-ում կփոխարինի խորհրդային Իլ-76 հնացած ինքնաթիռներին:
C-17 ինքնաթիռները հավանաբար կկիրառվեն Չինաստանի ու Պակիստանի հետ սահմանների երկայնքով, հատկապես Չինաստանի հետ վիճելի տարածքներում: ՌՕՈւ հրամանատարի կարծիքով ինքնաթիռները կարող են փոխել իրավիճաակը Հնդկաստանի հյուսիսային ու հյուսիսարևելյան սահմանային հատվածներում, որտեղ Չինաստանն ակտիվորեն սպառազինվում է:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *