Կապանում նստացույցի ժամանակ ազատամարտիկներին փորձել են խանգարել

Օգոստոսի 31-ից Կապանում նստացույց էր անում Ազատամարտիկների խորհուրդը տեղի ազատամարտիկների հետ։ Նստացույցի մասին Ռազմինֆոյին պատմեց խորհրդի համակարգող Վոլոդյա Ավետիսյանը։

Ազատամարտիկների խորհրդի համակարգող Վոլոդյա Ավետիսյան

Ազատամարտիկների խորհրդի համակարգող Վոլոդյա Ավետիսյան

«Մոտ 100 ազատամարտիկ կլիներ հավաքված։ Երեք օր նրանց հետ նստացույց արեցինք, քննարկեցինք առաջիկա պլանները։ Այնտեղի ազատամարտիկները համաձայն են մեր պայքարի ձևերին»,- նշեց ազատամարտիկը։

Ըստ Վոլոդյա Ավետիսյանի՝ գյուղերից շատ ազատամարտիկներ չեն կարողացել գալ Կապան՝ նստացույցին մասնակցելու, բայց հեռախոսահամար են թողել, ցուցակներում գրանցվել, ըստ որի՝ ազատամարտիկների խորհուրդը կարող է իրենց անունից էլ շարունակել պայքարը։

«Կապանում առաջին գիշերը՝ մոտ 2-ի կողմերը, երեք խմած երիտասարդներ փորձեցին մեզ խանգարել։ Բարկացա, տեղիցս վեր կացա ու նորմալ բացատրեցի ամեն ինչ։ Վերջում արդեն ներողություն էին խնդրում, որ եկել են իբր իմանան, ոչ թե խանգարեն»,- տեղեկացրեց Ավետիսյանը։

Նշենք, որ Կապանում՝ ի տարբերություն Վանաձորի իշխանությունների, ազատամարտիկների չեն այցելել։

Հետագա քայլերի մասին Ազատամարտիկների խորհրդի համակարգող Վոլոդյա Ավետիսյանը նշեց, որ պլաններում Արցախ այցելություն կա, բայց չգիտեն, թե որքանով այն կստացվի։

«Այստեղ պետք է շատ զգույշ լինենք, որ հանկարծ մեր պետականությանը չվնասենք։ Իբր այլ երկիր ենք գնում նստացույց անելու»,- ներկայացրեց ազատամարտիկը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ նրանց վերջին հանդիպումից հետո Սարգսյանը նրանցից 1,5 ամիս ժամանակ էր խնդրել։

Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 10-ին լրանում է այդ ժամանակը, իսկ մինչ այդ, Ավետիսյանի տեղեկացմամբ՝ Գյումրիում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զուրաբյանը մի քանի պատգամավորի հետ հանդիպել է Գյումրիի, Վանաձորի և Ապարանի ազատամարտիկներին, ցանկություն հայտնել ազատամարտիկների հարցը բարձրացնել ԱԺ-ում։
«Մենք ուրախ ենք, որ մեր հարցերով հետաքրքրվում են, բայց չէինք ուզենա կուսակցականացվեր այս պայքարը»,- բացատրեց Ավետիսյանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *