2011 թվականի ընթացքում ԱՄՆ հետախուզությունը այլ պետությունների դեմ թվով 231 կիբերհարձակում է իրականացրել։ Այս մասին հաղորդում է «Վաշինգթոն Փոստ» թերթը՝ վկայակոչելով ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը։

Նշենք, որ կիբերհարձակումների երեք քառորդն ուղղված է եղել ՌԴ-ի, Իրանի, Չինաստանի ու Հյուսիսային Կորեայի դեմ։ Ընդ որում, ԱՄՆ թիրախ էին նաև այս պետությունների՝ միջուկային ամենատարբեր նախագծերում կիրառված համակարգիչները։ Ըստ աղբյուրի՝ կիբերհարձակումների վրա ծախսվել է նվազագույնը 652 մլն դոլար։

Հավելենք, որ կիբերհարձակումները ենթադրում էին տասնյակ հազարավոր համակարգիչներ վիրուսներով վարակելը, որոնք էլ իրենց հերթին վիրուսակիր ծրագրերը շղթայական փոխանցում էին այլ համակարգիչների։ Դա հնարավորություն էր տալիս հիմնովին կաթվածահար անել թիրախավորած համակարգչային ցանցերը կամ ժամանակավորապես խափանել դրանց գործունեությունը։

Հիշեցնենք, որ ամերիկյան գաղտնի ծառայությունների գործունեության գաղտնազերծումն իրականացվել է 2013-ի հունիսին՝ շնորհիվ Էդվարդ Սնոուդենի։ Այդ ընթացքում հայտնի է դարձել «ՊՐԻԶՄ» (PRISM) անունը կրող հատուկ ծրագրի մասին, որն ԱՄՆ-ին հնարավորություն էր տալիս հետևել համացանցային օգտատերերին ու բջջային կապի բաժանորդներին։

Ներկա դրությամբ Սնոուդենը ժամանակավոր ապաստարան է ստացել Ռուսաստանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *