ՄԱԿ-ի փորձագետներն արդեն հեռացել են Սիրիայից

ՄԱԿ փորձագետների ու տեսուչների խումբը, որտեղ ընդգրկված են 13 հոգի, լքել է Սիրիան՝ օգոստոսի 31-ի վաղ առավոտյան հասնելով Լիբանան։

ՄԱԿ-ի փորձագետները՝ Սիրիայում

ՄԱԿ-ի փորձագետները՝ Սիրիայում

Համաձայն AFP-ի հաղորդած տվյալների՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ իրենց զեկույցը պետք է ներկայացվի մեկ կամ երկու շաբաթ անց։

Հիշեցնենք, որ կառավարական զորքերն ու զինյալները փոխադարձ մեղադրանքներ են հղում միմյանց՝ կապված օգոստոսի 21-ին Դամասկոսին կից Ղուտա շրջանում խաղաղ բնակչության դեմ քիմիական հարձակում իրականացնելու հետ։ Արևմուտքի երկրների մեծ մասը քիմիական հարձակման համար պատասխանատու է համարում Բաշար Ասադին, իսկ ամերիկյան հետախուզության տվյալներով՝ քիմիական զենքի օգտագործման հետևանքով մահացել է 1500 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ։

Հավելենք, որ Արևմուտքը սպառնում է օդային հարվածներ հասցնել Սիրիային՝ ի պատասխան քիմիական զենքի կիրառմանը։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին արդեն իսկ հայտարարել է, որ «Ասադի գործողություններն անպատիժ չեն մնա»՝ շեշտելով, որ ռազմական միջամտությունը Սիրիայի հակամարտությանը լինելու է սահմանափակ։

Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ ՄԱԿ փորձագետների հեռանալը Սիրիայից փաստում է, որ ռազմական միջամտությունը մոտ է ու հավանական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *