Իսպանիան դադարեցրել է Եգիպտոսին բեռնատար ինքնաթիռների տրամադրումը

Իսպանիան ժամանակավորապես սառեցրել է Եգիպտոսի հետ ռազմական արտադրանքի տրամադրման ընթացիկ բոլոր պայմանագրերը, այդ թվում նաև՝ 6 միավոր ՎՏԱ Ս-295 ինքնաթիռների տրամադրման պայմանագիրը։

Որոշումն ընդունվել է օգոստոսի 28-ին պաշտպանական արտադրանքի և երկակի իմաստի միջնախարարական խորհրդի (JIMDDU) հանդիպման ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է Janes defence weekly-ն, Առևտրի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է , որ սա նախազգուշացնող քայլ է և ամեն ամիս քննարկվելու է։
JIMDDU-ի նիստը կայացել է Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից մեկ շաբաթ անց։ Եվրամիության նիստի ժամանակ անդամներին խորհուրդ է տրվել որոշ ժամանակ Եգիպտոսին դադարեցնել բոլոր տեսակի ռազմական մթերքի տրամադրումը։
Ս-295 ինքնաթիռների 2010 թվականի սկզբնական պատվերից հետո Եգիպտոսը կնքեց լրացուցիչ համաձայնագիր, որով նույն տիպի ևս 3 ինքնաթիռ կտրամադրվեր 2012 թվականին և ևս 6 միավոր էլ 2013 թվականի հունվարին։ Ըստ տեղեկությունների՝ վերջին 6 միավոր ինքնաթիռների տրամադրումը պետք է իրականացվեր 2013 թվականի վերջից։
Ս-295-ը միջին չափի տուրբոպտուտակավոր ռազմական բեռնատար ինքնաթիռ է։ Արտադրում է Airbus Military ընկերությունը։ Ինքնաթիռն արտադրվում է 2000 թվականից։ Մեկ միավորի մոտավոր արժեքը 40 մլն ԱՄՆ դոլար է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *