Ֆրանսիան պատրաստ է Սիրիայի դեմ ռազմական գործողության, Գերմանիան՝ ոչ

Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն գերմանական թերթերին տված հարցազրույցում ասել է, որ Գերմանիան չի մասնակցի Սիրիայում հավանական ռազմական միջամտությանը:

Վեստերվելեն ընդգծել է, որ «Գերմանիային չեն խնդրել մասնակցել, ուստի հարցը քննարկման ենթակա չէ»։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Mond թերթին տված հարցազրույցում ասել էր՝ Ֆրանսիան պատրաստ Է Սիրիայի դեմ ռազմական գործողությանը։ Ավելին, որպես Սիրիային հարված հասցնելու ժամկետ՝ Օլանդը նշել էր «մինչև սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածը»։ Սեպտեմբերի 4-ին ծրագրված է Ֆրանսիայի խորհրդարանի նիստը, որտեղ քննարկվելու է Սիրայի հիմնախնդիրը։ Ֆրանսիայի նախագահը նաև պնդել է՝ Սիրիայում ռազմական միջամտությանը կողմ երկրները չեն ձգտելու իշխանությունից հեռացնել Ասադին։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանն օգոստոսի 29-ի երեկոյան քննարկել էր Սիրիայում հնարավոր ռազմական միջամտության հարցը։
Ինչպես տեղեկացնում է The Guardian բրիտանական պարբերականը, ռազմական միջամտությանը մասնակցելուն կողմ են քվեարկել 272, դեմ 285 հոգի։ Քվեարկությունից անմիջապես հետո բանաձևի նախաձեռնող, վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է՝ իր համար արդեն պարզ է «ժողովրդի ու խորհրդարանի կամքը, և ինքը հարգում է կայացրած որոշումը»։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *