Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 30-ին պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ընդունել է ԱՄՆ Օքլահոմա նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-գնդապետ Մայլզ Դիրինգին։
Ըստ նույն աղբյուրի՝ գեներալ-գնդապետը երախտագիտություն է հայտնել Աֆղանստանում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների խաղաղապահ գործունեության համար։ Քննարկվել են համագործակցության ու համատեղ նախագծերի արդյունքները։
Ինչպես և համանման մյուս հանդիպումների ժամանակ, այս անգամ ևս Սաֆար Աբիևը խոսել է Արցախյան հիմնախնդրից, որպես Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններում սեպ՝ հիշատակել 907-րդ բանաձևը։
1992-ի հոկտեմբերի 24-Ին ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը ստորագրեց այսպես կոչված «Ազատության աջակցման ակտը» (Freedom for Russia and Emerging Eurasian Democracies and Open Markets Support Act or «Freedom Support Act»), որն ուղղված էր Խորհրդային միության փլուզման արդյունքում առաջացած նորանկախ հետխորհրդային հանրապետություններում ազատ շուկայական տնտեսությունների ու ժողովրդավարական բարեփոխումների աջակցման ամերիկյան ծրագրերի իրականացմանը։
ԱՄՆ հայ լոբբիստների և լոբբիստական խմբերի արդյունավետ գործունեության շնորհիվ՝ փաստաթղթում առանձին կետով ամրագրված է հայտնի 907-րդ բանաձևը, որը, փաստորեն, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ՀՀ տնտեսական ու քաղաքական շրջափակմանը հակազդելու միջոց է։ Համաձայն «Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության սահմանափակում» («Restriction on Assistance to Azerbaijan» ) 907-րդ բանաձևի՝ ԱՄՆ-ն կարող է աջակցություն ցույց չտալ Ադրբեջանին, մինչև նախագահի կողմից որոշում ընդունելն ու Կոնգրեսին զեկուցելը, որ Ադրբեջանի կառավարությունը ձեռնարկում է փաստարկված քայլեր՝ Հայաստանի նկատմամբ կիրառվող շրջափակումները և ուժի կիրառումը դադարեցնելու ուղղությամբ։
2001-ից բանաձևը փոփոխությունների է ենթարկվում՝ հօգուտ Ադրբեջանի, սակայն այն լիովին չի վերացվել։ 2012-ի հոկտեմբերին ԱՄՆ Տեխաս նահանգի ադրբեջանամետ կոնգրեսականները դիմել էին Ներկայացուցիչների պալատին՝ կոչ անելով վերացնել բանաձևը։ Պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը ևս նույն կոչով ցանկացած հնարավոր առիթի դեպքում դիմում է ԱՄՆ-ի պաշտոնյաներին, մասնավորապես 2010-ին Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսի հետ հանդիպմանը Աբիևը՝ որպես Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների վրա բացասական ազդող գործոն՝ նշել էր հենց 907-րդ բանաձևը։
Հիշեցնենք, որ Սաֆար Աբիևը հանդիպում էր ունեցել Դիրինգի հետ դեռևս օգոստոսի 14-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցից անմիջապես հետո։