Արևմուտքը մեղադրում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին օգոստոսի 21-ին քիմիական զենք կիրառելու համար, ինչի հետևանքով Սիրիայում մեծանում է արտաքին ռազմական միջամտության հավանականությունը։
Ռազմինֆոն նման ձևաչափով ներկայացնում է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տվյալ օրվա ուշագրավ իրադարձությունները։
18։10 ” Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն գերմանական թերթերին տված հարցազրույցում ասել է, որ Գերմանիան չի մասնակցի Սիրիայում հավանական ռազմական միջամտությանը: Մանրամասն՝ այստեղ։
16։01 ” Թուրքիայի հարավ-արևելյան հատվածումտեղակայված ավիաբազաներում բարձրացվել է մարտական պատրաստվածության աստիճանը, փոխանցում է թուրքական «Դողան» գործակալությունը։
Մասնավորապես, Դիարբեքիրում տեղակայված Թուրքիայի ռազմաօդային ուժերի երկրորդ հրամանատարության 8-րդ ռեակտիվ ինքնաթիռների ռազմաբազայում հայտարարվել է «երկրորդ աստիճանի վտանգի պատրաստություն»։
Նշենք, որ Դիարբեքիրի այս ավիաբազայում են մեծ թվով F-16 կործանիչներ են կենտրոնացած, որոնք հաճախ են օդ բարձրացվում Սիրիայի հետ սահմանին միջադեպերից հետո, իսկ ավելի վաղ այստեղից են իրականացրել Հյուսիսային Իրաքում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերը ռմբահարող մարտական ինքնաթիռները։
***
14։30 ” Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ բացառում է Սիրիային հարված հասցնելու հնարավորությունը, քանի դեռ ՄԱԿ-ի փորձագետներն այդ երկրում են, որտեղ ուսումնասիրում են քիմիական հարձակման հետ կապված դեպքը։
Օլանդը նաև շեշտել է, որ «Ասադի վարչակարգի դեմ պետք է զսպող հարված հասցնել, որպեսզ նա դադարեցնի անօրինական գործողություններն իր բնակիչների նկատմամբ»։ «Ես կողմնակից չեմ Սիրիան «ազատագրելու» կամ բռնապետին հեռացնելու նպատակով ռազմական միջամտությանը»,-հավելել է Ֆրանսիայի նախագահը։
***
13։02 ” Սիրիայի զինված ուժերը պատրաստվում են լայնածավալ գործողություններ սկսել Դամասկոսի Մուադամիա շրջանում, որտեղ ավելի վաղ այցելել էին ՄԱԿ-ի փորձագետները։ Այս պատճառով ՄԱԿ-ի պատվիրակությունը հետ է վերադարձել հյուրանոց, տեղեկացնում է «ալ Արաբիան»։
***
11։25 ” Միացյալ Նահանգները թվով հինգերորդ ականակիր նավն է ուղարկում Միջերկրական ծով, տեղեկացնում է AFP-ն։ Stout (Սթաութ) հրթիռակիր նավն արդեն Միջերկրական ծովի արևելյան հատվածում է։
***
11:15 ” Մեծ Բրիտանիայի խորհրդարանն օգոստոսի 29-ի երեկոյան քննարկել է Սիրիայում հնարավոր ռազմական միջամտության հարցը։
Ինչպես տեղեկացնում է The Guardian բրիտանական պարբերականը, ռազմական միջամտությանը մասնակցելուն կողմ են քվեարկել 272, դեմ` 285 հոգի։ Մանրամասները՝ այստեղ։
***
10։41 ” Չինաստանի արտգործնախարարությունը նշել է, որ իրենք դեմ են ՄԱԿ”ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով քննարկումներ ծավալելուն, քանի դեռ կազմակերպության փորձագետները գտնվում են Սիրիայում և ուսումնասիրում են քիմիական հարձակման վայրը։ ՉԺՀ-ն կոչ է արել սպասել նրանց զեկույցներին, որից հետո միայն սկսել քննարկումներ անցկացնել։
***
10։37 ” Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կանգնեցնել Սիրիայի դեմ հնարավոր հարձակումը։
«Եթե դուք ասեք «ոչ» պատերազմին, ապա կբարձրանաք միջազգային հանրության աչքին»,-նշել է Մադուրոն, ով հավելել է,թե պատրաստվում է իր կոչը գրավոր ձևով ուղարկել Սպիտակ տուն։ Վենեսուելային նախագահը կոչ է արել նաև Թվիթերում արշավ սկսել՝ «ոչ» ասելով պատերազմին։
***
10։30 ” Սիրիայի զինված ուժերը սկսել են տեղափոխել և դեռ անհայտ վայրերում տեղակայել «Սկադ» հրթիռներն ու դրանց արձակման կայանները։ Նման տեղեկություն է տարածել «Ռոյթերս» գործակալությունը։
«Սկադ» հրթիռները դուրս են բերվել Դամասկոսի մոտակայքում գտվնող ռազմաբազաներից և տեղափոխվել տարբեր ուղղություններով։
***
10:20 ” Օգոստոսի 30-ին «Ռոյթերս» գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է՝ ԱՄՆ-ն Սիրիայում ռազմական գործողություններ կծավալի դաշնակիցներ ունենալու դեպքում։ Ուստի, Միացյալ Նահանգները շարունակելու է դաշնակիցներ փնտրել և բանակցություններ վարել մասնավորապես Մեծ Բրիտանիայի հետ։ Այս հայտարարությունը հնչել է, երբ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը որոշում է կայացրել չմասնակցել Սիրիայում ռազմական միջամտությանը։ Սիրիայի ներքին հակամարտությանը առանց ՄԱԿ-ի թույլտվության ռազմական միջամտության իրագործմանը դեմ են ՆԱՏՕ 12 պետություններ։
Օգոստոսի 29-ի լրահոսը՝ այստեղ։