ՄԱԿ. հյուսիսկորեական նավը սպառազինությունն ապօրինի է տեղափոխել

ՄԱԿ-ի հանձնաժողովը հաստատել է, որ հուլիսին Պանամայում ձերբակալված հյուսիսկորեական նավի անձնակազմը խախտել է Հյուսիսային Կորեային սպառազինություն չմատակարարելու արգելքը։

Հյուսիսկորեական նավը՝ Պանամայում

Հյուսիսկորեական նավը՝ Պանամայում

Ինչպես հաղորդում է AFP-ն, Պանամայի հասարակական անվտանգության նախարարությունը հայտարարել է՝ ավարտված է հետաքննությունը, դրա արդյունքները հրապարակվել են արգելքի խախտման փաստը ևս ընդունած ամերիկյան փորձագետների զեկույցի հրապարակումից հետո։

Նշենք, որ ամերիկյան փորձագետների պնդմամբ՝ սպառազինությունը Հյուսիսային Կորեա էր տտեղափոխվում ոչ թե վերանորոգվելու, այլ տեղում կիրառելու նպատակով։

Ավելի վաղ Պանաման դիմել էր ՄԱԿ-ին ու ԱՄՆ-ին՝ կոչ անելով հետաքննել սպառազինության ապօրինի փոխադրման մեջ կասկածվող նավի դեպքը։

Հավելենք նաև, որ նավի անձնակազմի 35 անդամներին այցելել են հյուսիսկորեացի դիվանագետներ։ Այցելությունից հետո 35 հոգու դեմ զենքի ապօրինի վաճառքի մեղադրանք է ներկայացվել, ինչը ենթադրում է մինչև 12 տարի ազատազրկում։

Հիշեցնենք, որ սպառազինությունը հայտնաբերել են շաքարեղեգների կոնտեյներներում։ Նավի անձնակազմին կասկածում են նաև թմրանյութերի ապօրինի շրջանառման համար։

Պանամայի նախագահ Ռիկարդո Մարտինելիի խոսքերով՝ նավի անձնակազմը փորձել էր կասեցնել ստուգումը, իսկ կապիտանն ինքնասպանության փորձ էր կատարել։

Համաձայն ԿԺԴՀ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների՝ արգելվում է բացի հրազենային զենքից, ցանկացած այլ տեսակի սպառազինության ներմուծումը այդ երկիր և այնտեղից արտահանումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *