Իրանի համար նախատեսված Ս-300 զենիթահրթիռային համակարգերն քանդել են, դրանց մասերն օգտագործել այլ ծրագրերի համար, իսկ մնացած մասն էլ որպես թափոն հանձնել։
ՄԱԿՍ-2013 ավիացուցադրության ժամանակ նման հայտարարություն է արել ՀՕՊ համակարգերի արտադրությամբ զբաղվող ռուսաստանյան «Ալմազ Անթեյ» կոնցերնի նախագահ Վլադիսլավ Մենշիկովը։
«Տեխնիկան, որը նախատեսված էր Իրանի համար, այլևս գոյություն չունի։ Մենք այն ամբողջովին քանդել ենք։ Որոշ տարրեր, որոնք հնարավոր էր օգտագործել, օգտագործել ենք, իսկ մի մասն էլ թափոնի է վերածվել։ Սա հավաստի տեղեկություն է»,-հայտարարել է «Ալմազ Անթեյի» ղեկավարը և հավելել, որ Իրանի համար նախատեսված համակարգերը հնարավոր չի եղել այլ պատվիրատուի փոխանցել, քանի որ բոլոր պատվերներն անհատական են կատարվում և ունեն իրենց յուրահատկությունները։
Հիշեցնենք, որ 2007 թվականին Իրանն ու Ռուսաստանը պայմանագիր էին կնքել Ս-300 համակարգերի ձեռք բերման վերաբերյալ։ Իրանական աղբյուրների տեղեկություններով՝ Թեհրանը պատվիրել էր առնվազն 5 միավոր նման համակարգ։
Սակայն ՀՕՊ համակարգերն այդպես էլ չեն տրամադրվել Իրանին, ինչն արդեն բազում տարաձայնությունների պատճառ է հանդիսացել Մոսկվայի և Թեհրանի միջև։
ՌԴ-ն Ս-300-երի ուշացումը պատճառաբանում է ՄԱԿ ԱԽ սահմանած բանաձևերով, որոնք արգելում են իրանական կողմին հանձնել մի շարք զինատեսակներ, այդ թվում, ըստ ռուսական կողմի, նաև Ս-300 ՀՕՊ համակարգերը։
2010 թվականին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր էր ստորագրել, որով սահմանափակվում էր Իրանի հետ ռազմական համագործակցության վրա՝ միևնույն ժամանակ վավերացնելով ՄԱԿ ԱԽ բանաձևերն ու վերջնականապես արգելելով Ս-300-երի վաճառքը։
Իրանը 2011 թվականին դիմել է Ժնևի միջազգային արբիտրաժային դատարան ընդդեմ «Ռոսօբորոնէքսպորտի»՝ պայմանագիրը չկատարելու համար։ Իրանական կողմը ռուսներից 4 մլրդ ամերիկյան դոլար է պահանջում։
Վերջին շրջանում մամուլում հայտնվում են տեղեկություններ, թե ռուսական կողմը պատրաստվում է Ս-300-ի փոխարեն Իրանին առաջարկել այլ ՀՕՊ համակարգեր, սակայն Թեհրանը հրաժարվում է և պահանջում պայմանագրով սահմանված զինատեսակը։
Ս-300 ԶՀՀ-ի արտադրությամբ զբաղվում է «Ալմազ Անթեյ» կոնցերնը։