Մեզ մոտ բացակայում է գիտակցական կարգապահությունը. Տարոն Հովհաննիսյան

Ռազմինֆոն ներկայացնում է հարցազրույցներ զորացրված երիտասարդների հետ։ Այսօրվա մեր զրուցակիցը արմատներով Վայքից Տարոն Հովհաննիսյանն է։ Նա սովորում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտություն բաժնում։

Տարոն Հովհաննիսյան

Տարոն Հովհաննիսյան

— Ինչպիսի՞ կարծիք ունեիք բանակային ծառայության մասին մինչև բանակ զորակոչվելը։
Եթե համեմատության կարգով ասեմ, ապա ավելի լավ կարծիք ունեի։ Ճիշտն ասած, ես ծառայությունը պատկերացնում էի սահմանային զորքերում։ Ես ինքս էլ կողմ եմ, որ ավելի մեծ տեղ տրվի սահմանում ծառայող զինվորներին, քանի որ նրանց ծառայությունը մեծապես տարբերվում է։
— Իսկ Ձեր պատկերացումները համընկա՞ն իրական ծառայության հետ։
Ինչ-որ չափով, այո՛, բայց որոշ առումներով՝ ո՛չ։ Ես այլ կերպ էի պատկերացնում մեր սպաներին, զինվորներին, նրանց տրամադրվածությունը։
— 19 տարեկանում զորակոչվելը էական նշանակություն ունեցա՞վ։
Չէի ասի, թե տարբերությունը մեծ էր։ Ես կամավոր եմ բանակ գնացել. սովորում եմ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտություն բաժնում ու ինքս նամակ եմ գրել, որ ինձ զորակոչեն բանակ։ Ավելի շատ համալսարանում սովորած երկու տարիներն ինձ շատ բան տվեցին թե՛ փորձի ձեռքբերման, թե՛ մարդկանց հետ շփվելու, ինչպես նաև կայացվածության առումով։
— Այն, որ երեք եղբայր միասին զորակոչվեցիք բանակ, մանավանդ նույն զորամասում էիք ծառայում, Ձեր գործը հեշտացնում էր, թե՞ բարդացնում։
Երկու կողմից կարող եմ դիտարկել։ Ինչ-որ առումով հեշտացնում էր, քանի որ գիտես՝ ում վստահել։ Ծառայության ընթացքում եթեի նչ-որ մեկի հետ ընկերություն հաստատես, ապա չես կարող միանգամայն վստահ լինել։ Բայց նաև իր դժվարություններն ուներ, քանի որ դու չէիր դիտվում որպես առանձին զինծառայող, այլ դու երեք եղբայրներից մեկն էիր։ Եվ եթե ինչ-որ բան անում ես, ազդում է քո եղբայրների վրա։ Ոչ ոք չի ասում շարքային այս ինչն է հանցանք գործել, այլ՝ երեք եղբայրներից մեկը։
Բացի այդ իմ ընտանիքի կեսն ինձ հետ էր, ու դա հեշտացնում էր ծառայությունը։
— Ի՞նչ կուզենայիք իմանալ ծառայության մասին նախապես։
Դա սխալ եմ համարում։ Ես իմ չորրորդ եղբորը խորհուրդ չեմ տա, թե ինքն ինչպես տրամադրվի ծառայության նկատմամբ։ Ես չեմ գտնում, որ պետք է նախապես պատրաստված գնալ։ Բայց կառանձնացնեմ , որ պետք է ֆիզիկապես պատրաստված գնան։
— Բանակային 2 տարին ի՞նչ դեր ունեցավ Ձեր կյանքում։
Ավելի շատ ժամանակ ունեցա մտածելու անելիքներիս մասին։ Կարելի է ասել, ես ինչ-որ առումով դրա համար գնացի ծառայության։ Ավելի շատ ընկերներ ունեցա, շփում տարբեր մարդկանց հետ, ինչ-որ չափով լրջություն ձեռք բերեցի։
— Չե՞ք պատկերացրել Ձեզ որպես պայմանագրային ծինծառայող։
Ես ինձ չեմ պատկերացնում զինվորական ծառայությունում. մի փոքր այլ նպատակներ ունեմ ապագայի հետ կապված։
— Ի՞նչ դեր ունի ֆիզիկական պատրաստվածությունը զինվորի կյանքում։
Շատ մեծ դեր ունի։ Կարելի է ասել, որ պատերազմի ժամանակ մարտի հաջողությունը կախված է զինվորի կոփվածությունից, նրա ֆիզիկական ունակություններից, գիտելիքներից, ես դրանք իրարից չեմ տարանջատում։ Նա պետք է դժվարությունների դիմանա, իսկ առանց ֆիզիկական լավ պատրաստվածության չի կարող լավ զինվոր լինել։
— Իսկ ինչպիսի՞ տեղ էր տրվում ֆիզիկական պատրաստվածությանը բանակում։
Կարևոր տեղ էին տալիս, նույնիսկ կարող եմ ասել ավելի շատ տեղ էին տալիս ֆիզիկական պատրաստվածությանը, քան առարկայական։
— Ի՞նչ խնդիրներ եք տեսնում բանակում։
Զինվորական ծառայությունից հետո ենք սխալ մտածելակերպով քաղաքացիական կյանք գալիս, թե այդ սխալ մտածելակերպով ենք գնում բանակ։ Սա է խնդիրը։ Մեզ մոտ սխալ դաստիարակության խնդիր կա։ Մեր հիմնական մասի մոտ բացակայում է գիտակցական կարգապահությունը։ Ես չեմ կարծում, որ չափահաս մարդուց պիտի պահանջես, որ նոր անի, այլ ինքը պետք է գիտակցի դրա անհրաժեշտությունը։ Բացակայում է սպայի և զինվորի ճիշտ փոխհարաբերությունը։ Երիտասարդ սպաների հարաբերությունները նույնպես ազդում են իրավիճակի վատացման վրա։ Նրանք ավելի թեթև են նայում ծառայությանը, իսկ դա անթույլատրելի է։
— Կասե՞ք, թե զինվոր-սպա հարաբերություններում ինչը կուզենայիք փոխվեր։
Սպան, ըստ իս, պետք է կրթող, դաստիարակող դեր ունենա։ 18 տարեկան երիտասարդը դեռ չունի այդ լրջությունը։ Սպան պետք է կարողանա ամեն մեկի հետ յուրովի աշխատել, մանավանդ նորակոչիկների հետ, որ ընկճվածություն չառաջանա։
— Բանակային առաջին օր, երկու տարի առաջ ի՞նչ էր կատարվում։
Զորամաս մտել եմ գիշերը 1։30։ Բոլորը քնած էին, միակ բանը, որ տպավորվել է այն էր, որ մեզ տարան զորամասի շտաբ՝ իրավիճակին ծանոթացնելու համար։ Առաջինը, որ աչքիս ընկավ, մարտական դրոշն էր ու դրա մոտ կանգնած ժամապահը։ Երկու ժամ նա չպետք է շարժվեր։ Ինձ համար դա արտառոց էր։ Նաև վերկացը։ Ինչքան որ խոսում եմ այլ զինծառայողների հետ, վերկացը մեզ համար երազի էր նման։ Առավոտյան արթնացանք 5։30։ (Ժպտում է)

Տարոն Հովհաննիսյանը եղբայրների և Սեյրան Օհանյանի հետ
— Բանակային ադապտացիան ինչպե՞ս տրվեց։
Չեմ կարող ասել, որ շատ հեշտ, բայց դժվար էլ չէր։ Դրան օգնեց այն փաստը, որ մենք երեքով էինք։
— Արդյո՞ք Դուք ծառայում էիք այն ստորաբաժանումում, որտեղ կուզենայիք ծառայել։
Ես կասեի, որ ծառայել եմ այն զորամասում, որտեղ կուզենայի ծառայել՝ հրետանային զորամասում։
— Բանակում ինչի՞ կարիքն էիք ամենից շատ զգում։
Բնականաբար ընտանիքիս։ Բացի այդ տեղեկատվության պակաս կար։ Այդ երկու տարին դու կտրված ես, չնայած այդպես էլ պետք է լինի։
— Ինչո՞ւ։
Զինվորը այդ երկու տարին պետք է տրվի զինվորական ծառայությանը։ Գուցե որպես մարդ նրան անհրաժեշտ է իմանալ, թե ինչ է կատարվում աշխարհում, բայց զինվորը պետք է ենթարկվի հրամանատարությանը, որ կարգ ու կանոն լինի։ Մարտի դաշտում զինվորը չի կարող ինքնուրույն որոշում կայացնել։
— Հետբանակային ադապտացիան ինչպե՞ս անցավ։ Չհասկացվելու խնդիր կա՞ր։
Ինչ-որ առումով բանակային կյանքին ադապտացիան ավելի հեշտ տրվեց, քան հակառակը։ Առաջին օրերին ինձ թվում էր, թե ամեն ինչ փոխվել է՝ ընկերներս, շրջապատս։ Տպավորությունն այնպիսին էր, որ բոլորն առաջ են գնացել, իսկ ես մնացել եմ նույն տեղում։
— Արդյո՞ք բանակային երկու տարին անիմաստ է եղել Ձեզ համար։
Չեմ կարող ասել։ Երկու տարին հայ երիտասարդի համար կարևոր է։ Դու սովորում ես ինքնուրույնություն։
Հարցազրույցը՝ Հասմիկ Մելիքսեթյանի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *