Բելառուսի զինված ուժերը դադարեցրել էՍու-27 կործանիչների շահագործումը, սակայն ինքնաթիռները դեռևս գտնվում են սպառազինության մեջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինը։
Ըստ նախարարի՝ դեռևս հայտնի չէ, թե ինչպես են վարվելու այդ ինքնաթիռների հետ։ Հնարավոր է՝ դրանք կամ վաճառվեն, կամ արդիականացվեն, կամ էլ ամբողջովին վերանորոգվեն։
Ավելի վաղ Բելառուսը սպառազինությունից հանել է Սու-24, իսկ այժմ բելառուսական ավիացիայում շահագործվում են Սու-25 և ՄիԳ-29, ինչպես նաև Իլ-76 և ԱՆ-26 բեռնատար ինքնաթիռները։
Նշենք, որ Սու-27-ը 4-րդ սերնդի կործանիչ է, ինքնաթիռի առաջին նախատիպը առաջին անգամ թռիչք է կատարել 1977 թվականին։ Այժմ Սու-27-ը ՌԴ զինված ուժերում համարվում է հիմնական ինքնաթիռներից մեկը, իսկ Սու-27-ի արդիականացված տարբերակներ կան ԱՊՀ երկրների, Հնդկաստանի և Չինաստանի զինված ուժերում։