Մեծ Բրիտանիայի կառավարությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդին է ներկայացնելու հերթական բանաձևը Սիրիայի առնչությամբ։
Վարչապետ Դեվիդ Քեմերոնն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ բանաձևում քննադատվում է Սիրիայի կառավարությունը՝ քիմիական զենք կիրառելու համար,ինչպես նաև կոչ է արվում համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ Սիրիայի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու նպատակով։
Քեմերոնը չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի՝ «համապատասխան միջոցներ» ասելով։
Համաձայն վարչապետի խոսքերի՝ բանաձևը ներկայացվելու է ՄԱԿ ԱԽ մշտական անդամների քննարկմանն այսօր՝ օգոստոսի 28-ի երեկոյան։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հայտարարել էր, որ ՄԱԿ ԱԽ-ն պարտավոր է անհապաղ միջամտել Սիրիայի իրավիճակին, ՄԱԿ-ն էլ պետք է միասնություն ցուցաբերի այս հարցում։
«Մենք պետք է անմիջապես արձագանքեք Սիրիայում ողբերգալից իրավիճակին»,-ասել է գլխավոր քարտուղարը։
Կի-Մունը ևս խուսափել է «միջամտություն» ասվածի առավել հստակեցնելուց։
Հիշեցնենք, որ Չակ Հեյգելը BBC-ին տրված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ ԶՈւ-ն արդեն պատրաստ վիճակի է բերված՝ Սիրիայի կառավարական զորքերին հարվածներ հասցնելու նպատակով։ Նրանք սպասում են Բարաք Օբամայի հրամանին։
Ներկա դրությամբ Սիրիայում իրավիճակը շարունակվում է լարված մնալ։ Պարբերաբար ստացվում են հակասական տեղեկություններ ամենատարբեր ոչ պաշտոնական աղբյուրներից, որոնց իսկությունը ստուգելը բարդ է։ Արևմտյան լրատվամիջոցները գրում են քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ ԱՄՆ հետախուզության ունեցած ապացույցների մասին։
Պարզ է միայն, որ ՌԴ ու ԱՄՆ քննարկումները՝ Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններ սկսելու առնչությամբ, հետաձգվում են։ ՄԱԿ-ի փորձագետները ևս չեն շտապում զեկույց ներկայացնել։