Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռները Սիրիայից տարհանում են ռուսաստանցիներին։ ՌԴ ԱԻՆ ինքնաթիռներն արդեն մի քանի թռիչք են կատարել։
Օգոստոսի 28-ի երեկոյան Իլ-76-ը Սիրիայից Ռուսաստան է տեղափոխել ՌԴ 75 և ԱՊՀ անդամ երկրների 14 քաղաքացու։ Ռուսական ինքնաթիռը թռիչք է կատարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերահսկողության տակ գտնվող Լաթաքիա շրջանից։
Ավելի ուշ ՌԴ ԱԻՆ Իլ-62 ինքնաթիռով ևս 27 ռուսաստանցի է տեղափոխվել Սիրիայից, տեղեկացնում են ռուսական լրատվական գործակալությունները։
Ռուսական «Ինտերֆաքսի» տվյալներով՝ ռուսական ԱԻՆ-ը Սիրիայից արդեն 740 մարդու է տարհանել։ Տարհանման ժամանակ առաջնային դուրս են բերվում կանայք և երեխաները։
ՌԴ ԱԻՆ-ի ինքնաթիռները, որոնք Սիրիա են ժամանում, իրենց հետ պարեն են բերում, մասնավորապես, շաքար և պահածոներ, իսկ արդեն հետադարձին տանում են ուղևորների։
Նշենք, որ Սիրիայում հնարավոր արտաքին ուժային միջամտության հավանականությունը վերջին օրերին զգալի բարձրացել է, ինչը կապված է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական հարձակում իրականացնելու հետ։ Արևմտյան տերությունների մի շարք պաշտոնյաներ նշում են, թե քիմիական հարձակման հետևում կանգնած են Ասադի կողմնակիցները, մինչդեռ պաշտոնական Դամասկոսը հերքում է այդ տեղեկությունները՝ պատասխանատվությունը դնելով ապստամբների վրա։
Օգոստոսի 26-ին Սիրիա ժամանած ՄԱԿ փորձագետները կարողացել են հասնել քիմիական զենքի հավանական կիրառման վայրերից մեկը, ինչը չէր հաջողվում անել ավելի վաղ։
Հավելենք, որ օրերս հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ռուսական կողմը չի պատրաստվում մասնակցել Սիրիայում հնարավոր ռազմական գործողություններին՝ միևնույն ժամանակ հավելելով, որ արևմտյան տերությունները դրա համար հող են նախապատրաստում։