Ադրբեջանի ռազմական փորձագետ Յաշար Ջաֆարլին նամակ է հղել Բարաք Օբամային

«Անվտանգություն, ժողովրդավարություն և տնտեսական զարգացում» (SeDEP) ՀԿ-ների դաշինքի նախագահ, պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ, «Պահեստազորի սպաներ» ՀԿ-ի նախագահ Յաշար Ջաֆարլին նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։

Նամակում մասնավորապես ասվում է, որ Ադրբեջանի ներկայիս պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը պաշտոնավարում է ավելի քան 19 տարի՝ այս ընթացքում պարբերաբար խախտելով զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքները։

Նշվում է, որ 1998-ին Սաֆար Աբիևը հրամանագիր է ստորագրել՝ մարտական գոտիներում ծառայություն անցնող զինծառայողների աշխատավարձը նվազեցնելով 3 անգամ։ Բացի այդ, ըստ Ջաֆարլիի՝ օգտագործելով իր լծակները՝ Սաֆար Աբիևը խրախուսում է զինծառայողների իրավունքների խախտումը։

2012-ին պաշտպանության նախարարը, պարզվում է, ստորագրել է ևս մի հրամանագիր, որը ենթադրում է զինծառայողների կողմից գումարային փոխհատուցումներ՝ չօգտագործված արձակուրդների փոխարեն։ Սա հակասում է Ադրբեջանի Սահմանադրությանը։

Ջաֆարլին պնդում է նաև, որ Աբիևը արգելում է ավելի քան 20 զինվորականների օգտին կայացված դատավճիռների ի կատար ածումը։

Նախարարն ապօրինի կերպով սահմանափակում է գեներալների իրավասությունները, թույլ չի տալիս այս կամ այն սպային կոչում շնորհել։ Իսկ վերջին տարիներին Սաֆար Աբիևը արշավ է ծավալել լրատվամիջոցների դեմ՝ դատական հայց ներկայացնելով իր ու ՊՆ-ի վերաբերյալ իրեն ոչ ցանկալի տեղեկություններ հրապարակող թերթերին։

Հաշվի առնելով այս ամենը՝ Յաշար Ջաֆարլին իր նամակում ընդգծում է. «Իրենց ժողովրդավարության օրրան համարող ԱՄՆ-ն չպետք է Սաֆար Աբիևին հրավիրի իր մոտ»։

Եզրափակելով իր խոսքը՝ ռազմական փորձագետը հիշեցնում է՝ հունվարի 27-ին լրացել է Աբիևի 63-ամյակը, իսկ Ադրբեջանի օրենսդրությամբ՝ սա պաշտպանության նախարարի պաշտոնավարման տարիքային սահմանն է։ Այսպիսով, Ջաֆարլին ապօրինի է համարում նրա կողմից ստորագրված փաստաթղթերն ու պայմանագրերը։

Հավելենք, որ Յաշար Ջաֆարլին հայտնի է ՊՆ-ին ուղղված սուր քննադատություններով։ Նա բանակի բարեփոխումները կապում է նախ և առաջ Սաֆար Աբիևի հրաժարականի հետ։ Հավանաբար հենց նման համարձակ մտքեր արտահայտելու պատճառով էլ 2013-ի ապրիլի 2-ին ռազմական փորձագետը հարձակման էր ենթարկվել շքամուտքում։

Նա բացեիբաց հայտարարել էր՝ իր վրա հարձակվել են Սաֆար Աբիևի հրահանգով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *