Ադրբեջանում պատերազմի վետերանները հանդիպել են բանտարկյալների հետ

Այսօր՝ օգոստոսի 27-ին, Ադրբեջանում՝ Բաքվի N5 կալանավայրում, հյուրընկալվել են Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերանները։ Զորամիավորումների նախկին հրամանատարներ Հերայ Ասադովը, Աքփեր Միրզազադեն ու Ջամալ Ջանբալիշովը պատմել են

բանտարկյալներին Արցախյան պատերազմի դրվագների մասին։

Նշենք, որ այս տեղեկությունը լուսաբանում են ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները՝ շեշտելով «միշտ կատարել ու պատրաստ են կատարելու նախագահի ու գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հրամանները»։ Ակնհայտ է, որ տեղեկությունը կիրառվում է Իլհամ Ալիևի նախընտրական քարոզչության շրջանակներում։

Հավելենք, որ դեռևս Արցախյան պատերազմի տարիներին Ադրբեջանի կառավարության հրահանգով բանտերից ազատ են արձակվել մեծ թվով հանցագործներ՝ հայերի դեմ կռվելու նպատակով։ Ընդ որում, 1992-ի սեպտեմբերի 15-ին Ադրբեջանը ռազմաճակատ է ուղարկել հանցագործներից կազմավորված առաջին գումարտակը։ Նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի օրոք՝ 1992-1993 թթ., առաջնագիծ էին ուղարկվել ավելի քան 700՝ նախապես ազատ արձակված հանցագործ։ Նրանցից 60-ը սպանվել է, 120-ը՝ վիրավորվել, իսկ 15-ը պարգևատրվել է Ադրբեջանի պետական շքանշաններով։

Հիշեցնենք, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ բարձրագույն հրամանատարական կազմում քիչ չէին նախկին հանցագործները, տարբեր հոդվածներով դատապարտված անձինք։ Նրանց թվում էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Սուրեթ Հուսեյնովը, ՆԳՆ նախկին նախարար Իսքանդեր Համիդովը, Ադրբեջանի ՆԶ նախկին հրամանատար Ֆահմին Գաջիևը, պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիևը։ Դեռևս 1994-ին Գազիևին մեղադրել էին պետական դավաճանության և Շուշին հանձնելու մեջ՝ դատապարտելով մահապատժի այն դեպքում, երբ նախարարը Ռուսաստանում էր այդ ժամանակ: 1996-ին նրան արտահանձնման ենթարկեցին Ադրբեջան, որտեղ էլ 1998-ին նրա նկատմամբ դատավճիռը փոխվեց ցմահ բանտարկության: 2005-ին ԵԽԽՎ-ի պնդմամբ՝ Ալիևը ներում շնորհեց Գազիևին: Վերջին տարիներին նախկին նախարարը զբաղվում է ակտիվ հասարակական-քաղաքական գործունեությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *