Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որտեղ խոսվում է Սիրիայի հարցի մասին։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Իտալիան դեմ է առանց ՄԱԿ-ի պատժամիջոցների սահմանման Սիրիայի ներքին համամարտությանը ռազմական միջամտություն ցուցաբերելուն։
Ավելի վաղ Իտալիայի արտգործնախարար Էմմի Բոնինոն Radio Radicale համացանցային ֆորումին տված հարցազրույցում ասել էր՝ անհրաժեշտ է հաշվի առնել Ռուսաստանի ու Իրանի արձագանքները Սիրիայի հարցերում, քանի որ Սիրիայի հակամարտությանը թեկուզ ամենասահմանափակ, մասնակի ռազմական միջամտությունը շատ արագ կարող է վերաճել լայնամասշտաբ գործողությունների։
Բացի այդ, նախարարը շեշտել է, որ պարտադիր չէ Սիրիայի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, կարելի է նաև որպես հավանական տարբերակ քննարկել Բաշար Ասադին միջազգային դատարանին հանձնելը։
Եզրափակելով իր խոսքը՝ նախարարը կոչ է արել այն բոլոր երկրներին ու անհատներին, որոնք բազմիցս հայտարարել են՝ ունեն անհերքելի ապացույցներ Սիրիայում քիմիական զենքի կիրառման առնչությամբ, պետք է անհապաղ տրամադրեն բոլոր ապացույցները ՄԱԿ-ին՝ հանգամանորեն քննելու նպատակով։
Փաստորեն, Իտալիան իր դիրքորոշմամբ այս հարցում առավել սատարում է Ռուսաստանին և Իրանին: Դեռսև օգոստոսի 26-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր՝ քիմիական հարձակումն ավելի շատ ձեռնտու էր ընդդիմությանը, որն այդ կերպ փորձում է հող պատրաստել ռազմական գործողությունների և արտաքին միջամտության համար։
Օգոստոսի 27-ի առավոտյան հայտնի էր դարձել՝ հավանական է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը հետաձգի օգոստոսի 28-ին նշանակված ՌԴ դիվանագետների հետ կարևոր քննարկումը՝ կապված Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններ կազմակերպելու հետ։ Այս մասին դեռևս պաշտոնական հայտարարություն չի հնչել, հաղորդում են ԱՄՆ պաշտոնատար անձանց մոտ կանգնած աղբյուրները։