Նոր զարգացումներ՝ Սիրիայի հակամարտության ու քիմիական զենքի կիրառման շուրջ

Օգոստոսի 26-ին հայտնի է դարձել, որ Սիրիա ժամանած ՄԱԿ փորձագետները վերջապես երեկոյան կարողացել են հասնել քիմիական զենքի հավանական կիրառման վայրերից մեկը։

Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում տալով մի քանի ականատեսների վկայությանը։

Ըստ նույն աղբյուրի՝ փորձագետները լքել են Սիրիայի կառավարական զորքերի վերահսկողության ներքո գտնվող տարածքը՝ տեղափոխվելով սուննիական բնակչությամբ Մուադամիյա, որը ներկա դրությամբ վերահսկում են զինյալները։

Այստեղ էլ, ինչպես տեղեկացնում է փորձագետներին ուղեկցող բժիշկներից մեկը, մասնագետները զրուցել են մզկիթում հավաքված բնակիչների հետ, հարցուփորձ արել քիմիական զենքից, վերջին հարձակումներից, ապա ուսումնասիրել են տեղանքը, ինչպես նաև մահացածների հյուսվածքների նմուշներ վերցրել։

Փաստորեն, ստույգ չէր ավելի վաղ շրջանառվող այն լուրը, ըստ որի՝ փորձագետներն անորոշ ժամանակով հետաձգել են իրենց գործունեությունը Սիրիայում՝ դիպուկահարների հարձակումից և իրենց հյուրանոցի առջև գրանցված պայթյունից հետո։

Նշենք նաև, որ այսօր՝ օգոստոսի 27-ի առավոտյան հայտնի էր դարձել՝ հավանական է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը հետաձգի օգոստոսի 28-ին նշանակված ՌԴ դիվանագետների հետ կարևոր քննարկումը՝ կապված Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններ կազմակերպելու հետ։ Այս մասին դեռևս պաշտոնական հայտարարություն չի հնչել, հաղորդում են ԱՄՆ պաշտոնատար անձանց մոտ կանգնած աղբյուրները։

Համաձայն AP լրատվական գործակալության տվյալների՝ քննարկումն ընդամենը հետաձգվել է, չեղյալ չի համարվել, իսկ հետաձգումն էլ կապված է «քիմիական զենքի կիրառման վերաբերյալ ԱՄՆ-ի ունեցած անհերքելի փաստերի հետ, որոնք սպասում են ՄԱԿ փորձագետների հաստատմանը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր՝ իր տրամադրության տակ առկա են փաստեր, որոնք վկայում են Սիրիայի կառավարական զորքերի կողմից Դամասկոսի մերձակայքում քիմիական զենքի օգտագործման լուրերի իսկությունը։

Հավելենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դեռևս երեկ հեռախոսազրույց էին ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայի հարցը։ «Մենք չենք պատրաստվում որևէ մեկի հետ պատերազմել։ «Մենք դեռ հույս ունենք, որ մեր արևմտյան գործընկերներն իրենց քաղաքականությունը ոչ թե ռեակտիվ, այլ ռազմավարական ձևով կիրագործեն»,-նշել է Լավրովը նույն օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ շեշտելով՝ Սիրիայում հնարավոր արտաքին զինված միջամտության դեպքում Ռուսաստանը չի մասնակցի ռազմական գործողություններին։

Ժամեր առաջ The Washington Post պարբերականը հարցազրույց էր վերցրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի անդամներից, որոնք վկայել են՝ նախագահը չի դիտարկում Սիրիայում լայնամասշտաբ ռազմական գործողություններ ծավալելու հարցը։ Եթե քիմիական զենքի օգտագործումը հաստատվի, ապա «ԱՄՆ իշխանությունները մտադիր են բավարարվել երկօրյա հրթիռակոծմամբ, որը դաստիարակչական բնույթ է կրելու»։

Նույն աղբյուրն ընդգծում է, որ այս տարբերակը միաձայն ընդունվել է Սպիտակ տան բոլոր ներկայացուցիչների կողմից, քանի որ ԱՄՆ-ն չի ցանկանում տևական պատերազմական գործողություններ ծավալել Սիրիայում, սակայն միաժամանկ չի էլ թողնի, որպեսզի «Սիրիայի կառավարությունը կամայական գործողություններ անի խաղաղ բնակչության նկատմամբ»։

Քիմիական զենքի հավանական օգտագործման լուրը տարբեր արձագանքներ էր ունեցել։ Մասնավորապես, մի շարք ահաբեկչական խմբավորումներ, փորձելով շահարկել դեռևս չհաստատված այս միջադեպը, խոստացել էին ահաբեկչությունների մի ամբողջ շարք կազմակերպել Սիրիայի կառավարության դեմ՝ «որպես վրեժ քիմիական զենքի կիրառման հետևանքով մահացածների համար»։

Նշենք, որ չնայած ՄԱԿ փորձագետները դեռևս ոչ մի ուսումնասիրություն չեն արել՝ Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի պաշտոնատար անձինք մեղադրանքներ են ուղղել Բաշար Ասադին՝ պնդելով՝ «քիմիական զենքի օգտագործումը զինյալների դեմ անհերքելի փաստ է»։

Այնուհանդերձ, Ռուսաստանն այլ դիրքորոշում ունի։ ՌԴ իշխանությունները համոզված են, որ զինյալների ու նրանց համախոհների կողմից են տարածվել այն լուրերը՝ իբր Ասադի կողմնակիցները քիմիական զենք են կիրառում։ Այդ քայլը քաղաքական նկրտումներից է արվել, և ուղղված է եղել Սիրիայի նախագահի միջազգային վարկանիշը վատթարացնելուն։

Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է Սիրիայի զինյալներին՝ ՄԱԿ-ի փորձագետների գործունեությանը խոչընդոտելու համար։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *