Դիպուկահարները կրակել են Սիրիայում ՄԱԿ փորձագետների մեքենայի վրա

Օգոստոսի 26-ին դիպուկահարները կրակ են բացել ՄԱԿ-ի՝ Սիրիայում այս օրերին աշխատող, քիմիական զենքի գծով փորձագետների ուղղությամբ։

Ավտոմեքենան, որով փորձագետներն ուղևորվում էին Դամասկոսից դեպի քիմիական զենքի հավանական օգտագործման շրջան, դարձել է դիպուկահարների թիրախը։

Ընդ որում, հարձակումն իրականացվել է չեզոք գոտում, որը կառավարական զորքերի ու զինյալների դիրքերի միջև տեղակայված վայր է։ Ներկա դրությամբ հայտնի չէ, թե հակամարտող կողմերից որ մեկն է փորձել հաշվեհարդար տեսնել փորձագետների հետ։

Չնայած նրան, որ փորձագետներից ոչ ոք չի տուժել, առաքելության ղեկավարությունը որոշում է կայացրել անվտանգության նկատառումներով հետաձգել աշխատանքները։

«Ռոյթերս» գործակալության տվյալներով՝ միևնույն ժամանակ երկու արկ է պայթել այն հյուրանոցի մոտ, որտեղ ժամանակավոր ապաստանել են փորձագետները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արկերը ձեռքով են պատրաստված, Սիրիայի իշխանությունները հայտարարել են՝ փորձագետների դեմ ուղղված պայթյունը կազմակերպել են զինյալները։

Հիշեցնենք, որ Սիրիայի իշխանությունները պաշտոնապես համաձայնել են թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետներին հետազոտել Դամասկոսին կից Ղուտա շրջանը։

Քիմիական զենքի հավանական օգտագործման լուրը բազմաթիվ արձագանքներ էր ունեցել։ Մասնավորապես, մի շարք ահաբեկչական խմբավորումներ, փորձելով շահարկել դեռևս չհաստատված այս միջադեպը, խոստացել էին ահաբեկչությունների մի ամբողջ շարք կազմակերպել Սիրիայի կառավարության դեմ՝ «որպես վրեժ քիմիական զենքի կիրառման հետևանքով մահացածների համար»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *