ՌԴ-ն չի մասնակցի Սիրիայում հնարավոր պատերազմին. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայի հետ կապված թեմաները։

Ավելի ուշ Մոսկվայում Լավրովը նաև մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ էլ պատասխանել է Սիրիայի վերաբերյալ հարցերի, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք չենք պատրաստվում որևէ մեկի հետ պատերազմել։ Մենք դեռ հույս ունենք, որ մեր արևմտյան գործընկերներն իրենց քաղաքականությունը ոչ թե ռեակտիվ, այլ ռազմավարական ձևով կիրագործեն»,-նշել է Լավրովը, ով հավելել է, որ Սիրիայում հնարավոր արտաքին զինված միջամտության դեպքում Ռուսաստանը չի մասնակցի ռազմական գործողություններին։

Ռուսաստանի արտգործնախարարը նաև հավելել է, որ Սիրիայում իշխանության փոփոխությունը չի բերի քաղաքացիական պատերազմի դադարեցմանը։

Լավրովը նաև շեշտել է, որ Ռուսաստանից բացի, մյուս երկրները չեն ներկայացրել ՄԱԿ Սիրիայում քիմիական հարձակման վերաբերյալ անցկացված հետաքննությունների արդյունքները։

«Քիմիական հարձակումն ավելի շատ ձեռնտու էր ընդդիմությանը, որն այդ կերպ փորձում է հող պատրաստել ռազմական գործողությունների և արտաքին միջամտության համար»,-նշել է Լավրովը։

Հիշեցնենք, որ քիմիական զենքի հավանական օգտագործման լուրը տարբեր արձագանքներ էր ունեցել։ Մասնավորապես, մի շարք ահաբեկչական խմբավորումներ, փորձելով շահարկել դեռևս չհաստատված այս միջադեպը, խոստացել էին ահաբեկչությունների մի ամբողջ շարք կազմակերպել Սիրիայի կառավարության դեմ՝ «որպես վրեժ քիմիական զենքի կիրառման հետևանքով մահացածների համար»։

Նշենք, որ չնայած ՄԱԿ փորձագետները դեռևս ոչ մի ուսումնասիրություն չեն արել՝ Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի պաշտոնատար անձինք մեղադրանքներ են ուղղել Բաշար Ասադին՝ պնդելով՝ «քիմիական զենքի օգտագործումը զինյալների դեմ անհերքելի փաստ է»։

Այնուհանդերձ, Ռուսաստանն այլ դիրքորոշում ունի։ ՌԴ իշխանությունները համոզված են, որ զինյալների ու նրանց համախոհների կողմից են տարածվել այն լուրերը՝ իբր Ասադի կողմնակիցները քիմիական զենք են կիրառում։ Այդ քայլը քաղաքական նկրտումներից է արվել, և ուղղված է եղել Սիրիայի նախագահի միջազգային վարկանիշը վատթարացնելուն։

Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է Սիրիայի զինյալներին՝ ՄԱԿ-ի փորձագետների գործունեությանը խոչընդոտելու համար։

Իր հերթին մեկնաբանություններից զերծ է մնացել ԱՄՆ նախագահը՝ շեշտելով՝ «նման հարցերում պետք է առաջնորդվել բացառապես անկախ փորձագետների եզրակացություններով»։ Միաժամանակ Պենտագոնը հայտարարել էր, որ նախագահը հրաման է տվել պատրաստվել իրադարձությունների ցանկացած զարգացմանը։

Օգոստոսի 25-ին հայտնի է դարձել, որ Սիրիայի իշխանությունները պաշտոնապես համաձայնել են թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետներին հետազոտել Դամասկոսին կից Հուտա շրջանը, որտեղ էլ իրականացվել էր հարձակումը։

Միջազգային մամուլում արդեն տեղեկություններ են պտտվում, թե ԱՄՆ-ն պատրաստվում է ռազմական միջամտություն ցուցաբերել Սիրիայի հարցում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *