Սիրիայի կառավարությունը թույլատրել է ՄԱԿ-ի փորձագետների մուտքը քիմիական հարձակման շրջան

Օգոստոսի 25-ին հայտնի է դարձել, որ Սիրիայի իշխանությունները պաշտոնապես համաձայնել են թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետներին հետազոտել Դամասկոսին կից Հուտա շրջանը։

Այս շրջանում էլ ենթադրաբար իրականացվել էր քիմիական հարձակումը։

AFP գործակալությունը հաղորդում է, որ ՄԱԿ փորձագետների աշխատանքային օրացույցն արդեն իսկ հաստատվել է։ Նրանց հիմնական խնդիրն է պարզել՝ արդյոք կիրառվել է քիմիական զենք, եթե այո, ապա ինչ հանգամանքներում և հակամարտող որ կողմից։ Փորձագետների աշխատանքները մեկնարկելու են օգոստոսի 26-ից։

Հիշեցնենք, որ քիմիական զենքի հավանական օգտագործման լուրը բազմաթիվ արձագանքներ էր ունեցել։ Մասնավորապես, մի շարք ահաբեկչական խմբավորումներ, փորձելով շահարկել դեռևս չհաստատված այս միջադեպը, խոստացել էին ահաբեկչությունների մի ամբողջ շարք կազմակերպել Սիրիայի կառավարության դեմ՝ «որպես վրեժ քիմիական զենքի կիրառման հետևանքով մահացածների համար»։

Նշենք, որ չնայած ՄԱԿ փորձագետները դեռևս ոչ մի ուսումնասիրություն չեն արել՝ Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի պաշտոնատար անձինք մեղադրանքներ են ուղղել Բաշար Ասադին՝ պնդելով՝ «քիմիական զենքի օգտագործումը զինյալների դեմ անհերքելի փաստ է»։

Այնուհանդերձ, Ռուսաստանն այլ դիրքորոշում ունի։ ՌԴ իշխանությունները համոզված են, որ զինյալների ու նրանց համախոհների կողմից են տարածվել այն լուրերը՝ իբր Ասադի կողմնակիցները քիմիական զենք են կիրառում։ Այդ քայլը քաղաքական նկրտումներից է արվել, և ուղղված է եղել Սիրիայի նախագահի միջազգային վարկանիշը վատթարացնելուն։

Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է Սիրիայի զինյալներին՝ ՄԱԿ-ի փորձագետների գործունեությանը խոչընդոտելու համար։

Իր հերթին մեկնաբանություններից զերծ է մնացել ԱՄՆ նախագահը՝ շեշտելով՝ «նման հարցերում պետք է առաջնորդվել բացառապես անկախ փորձագետների եզրակացություններով»։ Միաժամանակ Պենտագոնը հայտարարել էր, որ նախագահը հրաման է տվել պատրաստվել իրադարձությունների ցանկացած զարգացմանը։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ տարածաշրջան են տեղափոխվում ԱՄՆ ԶՈւ ռազմանավեր։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին «ալ Ջազիրայի» ուղիղ եթերում ցուցադրված սիրողական տեսագրության մեջ ներկայացվում էին մահացած մարդիկ։ Տեսանյութը ներկայացվում էր՝ որպես «Հուտայում Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի կիրառման ապացույց»։ Կասկած էր հարուցում այն, որ մահացածների շարքում մեծ թիվ են կազմում երեխաները, ինչպես նաև կանայք, որոնց մաշկը վնասված չէ։

Սիրիայի կառավարությունը պաշտոնապես հերքել է այս տեղեկությունը։ Հանրային հեռուստաընկերությամբ հայտարարվել է, որ «իրենց կողմից քիմիական զենքի կիրառման մասին լուրը սադրանք է»։

Հավելենք, որ օգոստոսի 18-ին Սիրիա էին ժամանել ՄԱԿ-ի տեսուչներն ու փորձագետները՝ ստուգելու համար թե´ Սիրիայի կառավարության, թե´ զինյալների կողմից քիմիական զենքի հնարավոր կիրառման դեպքերի իսկությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *