Ջրծաղիկից մահացած զինծառայողի հարազատները հանդիպել են նախարարի հետ

Սեյրան Օհանյանն ընդունել է ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի հարազատներին: Պաշտպանության նախարարը լսել է զինծառայողի մահվան հանգամանքների վերաբերյալ նրանց մտահոգությունները և ներկայացրել դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի և ծառայողական քննության այս պահի արդյունքները: Հանդիպման մասին տեղեկացնում է նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը:

Նախարարը մահացած զինծառայողի հարազատներին վստահեցրել է, որ դեպքի առիթվ ստեղծված բժիշկների անկախ հանձնաժողովի եզրակացության և հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում, պարզվելու են զինվորի մահվան ողջ հանգամանքները և նրանց բժիշկների հասցեին մեղադրանքները հաստատվելու դեպքում, մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:
Սեյրան Օհանյանը հանձնարարականներ է տվել նաև քննչական ծառայության և ծառայողական քննություն իրականացնող մյուս ստորաբաժանումների ղեկավարներին, որպեսզի վերջիններս մանրազննին ուսումնասիրեն Հայկ Խաչատրյանի հարազատների դիտարկումները և կատարեն մասնագիտական օբյեկտիվ հետևություններ:

Հիշեցնենք, որ Հայկ Խաչատրյանը մահացել էր դեկտեմբերի 30-ին՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Զինծառայողի մահվան հանգամանքները քննող անկախ հանձնաժողովը ղեկավարում է պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *