16 աֆղան բնակչի սպանած ԱՄՆ զինծառայողը ներողություն է խնդրել «վախկոտության» համար

ԱՄՆ ԶՈւ զինծառայող Ռոբերտ Բեյլսը, որը մեղադրվում է 16 աֆղան խաղաղ բնակիչների սպանության մեջ, ներողություն է խնդրել իր արարքի համար՝ այն անվանելով «վախկոտություն»։

ԱՄՆ ԶՈՒ սերժանտ Ռոբերտ Բեյլս

ԱՄՆ ԶՈՒ սերժանտ Ռոբերտ Բեյլս

Օգոստոսի 22-ին «Ռոյթերս» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ դատական լսումների ժամանակ Բեյլսը վկայել է՝ Աֆղանստան կատարած իր գործուղումների ժամանակ մշտապես զայրույթի նոպաներ է ունեցել։ Ընդ որում, նրա խոսքերով՝ այդ նոպաների պատճառ կարող էր լինել ցանկացած մանրուք։

Նա նշել է նաև, որ գործուղումից առաջ հոգեբանական օգնության կուրս է անցել, սակայն կարծել է՝ բուժումն անարդյունավետ է ու դադարեցրել է։ Հենց այս քայլն էլ զինծառայողը «վախկոտություն» է որակում։

Նշենք, որ ընթացիկ տարվա մայիսին Բեյլսը համաձայնել էր իրեն մեղավոր ճանաչել ու համագործակցել հետաքննության հետ։ Դա հնարավորություն է տվել նրան խուսափել մահապատժից։ Այժմ ամենախիստ պատիժը, որ սպառնում է զինծառայողին, ցմահ բանտարկությունն է՝ առանց համաներման։

Բեյլսի գործով դատավճիռը կայացվելու է այսօր՝ օգոստոսի 23-ին։

Հիշեցնենք, որ զանգվածային սպանության դեպքը եղել էր 2012-ի մարտի 11-ին Աֆղանստանի հարավային Քանդագար շրջանի Փանջավի գավառում։

Բեյլսը, ըստ հետաքննության տվյալների, դուրս է եկել իր ռազմաբազայից, ուղևորվել դեպի մոտակա գյուղը, ապա ներխուժելով բնակելի տներ՝ սկսել է գնդակահարել քնած բնակիչներին, այդ թվում՝ հղի կնոջն ու 9 երեխայի։ Այնուհետև ամերիկացի սերժանտը վերադարձել է բազա, որոշ ժամանակ անց կրկին դուրս եկել՝ համանման սպանություն իրականացնելով մեկ այլ մերձակա գյուղում։ Երկրորդ սպանությունից հետո, երբ Բեյլսը վերադարձել է զորամաս, նրան ձերբակալել են ԱՄՆ զինվորները։

Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, զոհերի ընտանիքները նյութական փոխհատուցում են ստացել ԱՄՆ ԶՈւ-ից՝ չնայած որ Պենտագոնը սովորաբար դրամական օգնություն չի ցուցաբերում մարտական գործողությունների ժամանակ տուժածներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *