Wikileaks-ին գաղտնի փաստաթղթեր տրամադրած զինծառայողն ազատազրկվեց 35 տարով

ԱՄՆ ԶՈւ շարքային զինծառայող Բրեդլի Մեննինգը, մեղավոր ճանաչվելով պետական գաղտնիքը բացահայտելու համար, օգոստոսի 21-ին դատապարտվել է 35 տարի ազատազրկման։

Ընդ որում, այս ժամկետում ներառվել է 3,5 տարին, որ Մենինգն արդեն իսկ անցկացրել է բանտում։

Բացի այդ, նրան զրկել են կոչումից և զինված ուժերից հեռացրել։

Ինչպես հաղորդում է BBC լրատվական գործակալությունը, մեղադրող կողմը 60 տարի էր պահանջում, իսկ փաստաբանը պնդում էր՝ 25 տարին էլ բավական է, քանի որ Մենինգի կողմից գաղտնազերծված փաստաթղթերը 25 տարում ինքնըստինքյան դառնալու էին հանրության սեփականությունը։

Հիշեցնենք, որ 2009-ի նոյեմբերից մինչև 2010-ի մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում Բաղդադին կից ռազմակայաններից մեկում ծառայություն անցնելու ժամանակ զինծառայողը գաղտնի ներբեռնել էր Աֆղանստանի ու Իրաքի մասին 250 հազար դիվանագիտական հեռագրեր և 500 հազար ռազմական փաստաթղթեր: Ներբեռնելուց հետո Մենինգը ֆայլերը փոխանցել էր WikiLeaks -ին, որը սկսել էր դրանց հրապարակումը 2010-ի հուլիսից:

Մենինգին ձերաբակալել էին 2010-ին։ Նա հայտարարել է, որ բնավ չէր ցանկանում վնասել սեփական երկրի շահերին, պարզապես ուզում էր՝ աշխարհն իմանա,«թե հաճախ ԱՄՆ կառավարություն ինչ քամահրական վերաբերմունք է ցուցաբերում այն բոլոր պետությունների խաղաղ բնակիչների նկատմամբ, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում»։

Հավելենք, որ Մենինգին ի պաշտպանություն ԱՄՆ-ում մի շարք ցույցեր են անցկացվել։ Նրան համախոհ են նաև ԱՄՆ-ում որոշ ակտիվիստներ ու ազատ խոսքի իրավունքի ջատագովներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *