Ռուսաստանն Ինդոնեզիային առաջարկել է սուզանավեր գնել

Ռուսաստանն առաջարկել է Ինդոնեզիային ձեռք բերել 10 միավոր դիզելային-էլեկտրական սուզանավ։ «Ջեյնս» վերլուծական պարբերականը, հղում տալով Ինդոնեզիայի պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մահֆուջ Սիդդիքի խոսքերին, գրում է, որ ռուսական կողմի առաջարկը հետաքրքրել է Ինդոնեզիային, սակայն հստակ որոշում կայացնելուց առաջ առաջարկը հանգամանորեն քննվելու է։

«Եկատերինբուրգ» սուզանավը

«Եկատերինբուրգ» սուզանավը

Դեռևս չի հրապարակվում, թե ինչ տիպի սուզանավեր են, և թե որքան ժամանակ է պահանջվելու Ինդոնեզիային վերջնական որոշման համար։ Հայտնի է միայն, որ Ինդոնեզիան ներկայումս բավարար ֆինանսներ չի կարող տրամադրել նման քանակի սուզանավեր գնելու համար, չնայած որ իշխանությունները հայտարարել էին՝ նոր սուզանավերի գնումը երկրի առաջնային խնդիրներից է։

Հիշեցնենք, որ 2007-ին Ռուսաստանն Ինդոնեզիային տրամադրել է արտահանման վարկ՝ 1 մլրդ դոլարի չափով։ Այդ գումարով նախատեսված էր գնել 10 միավոր Մի-17, 5 միավոր Մի-35Մ, 20 միավոր ԲՄՊ-3Ֆ, 2 միավոր 877 նախագծի «Պալտուս» սուզանավ։ Սուզանավերի գնման պայմանագիր Ինդոնեզիան այդպես էլ չստորագրեց։

Փոխարենը, 2011-ի դեկտեմբերին Ինդոնեզիայի ՊՆ-ն հարավկորեական Daewoo Shipbuilding & Marine Engineering նավաշինական ձեռնարկության հետ 1,2 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել Type 209 նախագծի 3 դիզելային-էլեկտրոնային սուզանավ գնելու համար։

One response to “Ռուսաստանն Ինդոնեզիային առաջարկել է սուզանավեր գնել

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *