ՌԴ-ի հետախուզական ինքնաթիռը՝ «Բաց երկինք» պայմանագրի շրջանակներում

Նոր ռուսական հետախուզական Տու-214ՕՆ ինքնաթիռն արդեն պատրաստ է փորձարկումներ անցնել ՌԴ ԶՈւ շրջանակներում։ Նման որոշում է ընդունել միջգերատեսչական հանձնաժողովը, որը քննում էր պետական նախնական փորձարկումների արդյունքները։

Տու-214ՕՆ

Տու-214ՕՆ

Նշենք, որ Տու-214ՕՆ ինքնաթիռն իրենից ներկայացնում է Տու-214-ի արդիականացված տարբերակը։ Այն իր վրա կրում է հետախուզելու և տարածքը վերահսկելու համար նախատեսված սարքավորում։ Դիտողական թռիչքներ է իրականացնելու ԱՄՆ-ում ու Կանադայում։

Տու-214ՕՆ ինքնաթիռը կառուցվել է «Բաց երկինք» միջազգային պայմանագրի իրականացման շրջանակներում։ Պայմանագիրը կնքվել է 1992-ի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ անդամ 27 պետությունների միջև։ Նպատակը երկրների միջև փոխադարձ վստահության ստեղծումն է՝ միմյանց ռազմական գործունեության դիտարկման համար ծառայող մեխանիզմների կատարելագործման ու սպառազինության առքուվաճառքին հետևելու միջոցով։ Պայմանագիրը սահմանում է անդամ երկրների թռչող սարքերի անարգել մուտքը միմյանց օդային տարածք։

Ներկա դրությամբ պայմանագրին միացած պետությունների թիվը 34 է։ ՌԴ-ն վերավավերացրել է պայմանագիրը 2001-ի մայիսի 26-ին։

Հավելենք, որ Տու-214ՕՆ-ը 34 երկրների ինքնաթիռների շարքում առաջինն է, որը զինված է պայմանագրում հիշատակված բոլոր դիտարկման սարքավորումներով՝ 4 աերոֆոտոխցիկ, 3 հեռուստատեսային խցիկ, հատուկ ՌՏԿ, գծային սքանավորման ինֆրակարմիր սարքավորում։

Հիշեցնենք, որ Տու-214ՕՆ ինքնաթիռի դիտումը բաց կլինի հասարակության համար Ժուկովի ավանում 2013-ի օգոստոսի 27-ից սեպտեմբերի 1-ն անցկացվելիք «ՄԱԿՍ-2013» ավիացուցահանդեսի ժամանակ։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *