Թուրքիան չեղյալ է հայտարարել տեղական ռազմանավերի կառուցման մրցույթը

Թուրքիան որոշել է հրաժարվել երկրի ռազմածովային ուժերի համար  ռազմանավերի կառուցման ծրագրից, որի համար նախատեսվում էր 2 մլրդ ամերիկյան դոլար ծախսել։

Ծրագրից հրաժարվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետի վերահսկողական գրասենյակը քննություն է անցկացրել, որի արդյունքներով նշել է, թե այն չի բխում երկրի շահերից, տեղեկացնում է «Ջեյնսը»։

Վերլուծական հանդեսն իր հոդվածում գրում է, որ Թուրքիայի վարչապետի անձնակազմում աղբյուրները նշում են, թե մրցույթին մասնակցել են ոչ բավարար թվով ընկերություններ, ինչպես նաև մրցույթը ոչ ճիշտ ձևով է հայտարարվել, ինչի հետևանքով մի շարք ընկերություններ չեն կարողացել մասնակցել տենդերին։

Սպասվում է, որ առաջիկայում նոր տենդեր կմշակվի և կհայտարարվի, հավելել է աղբյուրը։

Նշենք, որ ծրագրով նախատեսվում էր ստեղծել վեց միավոր MILGEM (Milli Gemi, «Ազգային նավ») կորվետներ: Մայիսին մեկնարկած մրցույթին մասնակցում էին միայն երկու ընկերություն՝ «Քոչ» հոլդինգին պատկանող RMK Marine ընկերությունն ու Dearsan ընկերությունը։

SEDEF ընկերությունը դիմել էր թուրքական իշխանություններին՝ նշելով, թե իրեն չեն հրավիրել մասնակցել մրցույթին։

Սա պատճառներից մեկն էր հանդիսացել, որպեսզի Թուրքիայի վարչապետի անձնակազմի վերահսկողական բաժինը քննություն սկսի այս կապակցությամբ։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *