Բրիտանական ռազմանավերը մոտեցել են Ջիբրալթարի ափերին

Մեծ Բրիտանիայի արքայական ռազմածովային ուժերի HMS Westminster ֆրեգատը երկու այլ ռազմանավերի ուղեկցությամբ օգոստոսի 19-ին ժամանել է Ջիբրալթարի նավահանգիստ։

HMS Westminster ֆրեգատ

HMS Westminster ֆրեգատ

Նշենք, որ 23 նախագծի HMS Westminster ֆրեգատը զինված է տորպեդներով ու դրանց արձակման կայաններով, Harpoon հականավային ու Sea Wolf հրթիռներով, իր վրա կրում է նաև ուղղաթիռ։
Բրիտանական լրատվամիջոցները դեռևս օգոստոսի 9-ին տեղեկացրել էին՝ վարչապետ Դեվիդ Քեմերոնը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի իր պաշտոնակցի հետ՝ հայտնելով օգոստոսի կեսերին բրիտանական նավերի՝ Ջիբրալթար ժամանման մասին։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Defense News պարբերականը բրիտանական նավերի ժամանումը բնորոշում է՝ որպես «ծրագրային ու պայմանավորվածության համաձայն ընթացող ծովային վարժանքների նպատակով կատարված այց»։
Հիշեցնենք նաև, որ վերոհիշյալ հեռախոսազրույցը ոչինչ չփոխեց, քանի որ Ջիբրալթարի շուրջ անհամաձայնությունը վաղուց է առաջ եկել։

Սկզբում Ջիբրալթայի իշխանությունները սեփական նախաձեռնությամբ ժայռերին կից արհեստական խութեր հիմնեցին։ Իսպանիան հայտարարեց, որ այդ չհամաձայնեցրած քայլով Անդալուզիայի շրջանի՝ սոցիալական վատ իրավիճակում ապրող բնակիչները զրկվեցին ձկներով հարուստ ջրային տարածքներում ձկնորսությամբ զբաղվելուց։ Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոն սպառնաց, որ ծրագրում է Ջիբրալթարի ու Իսպանիայի սահմանը հատելու համար 50 եվրո սահմանել։ Բացի այդ, նախարարը չբացառեց, որ կփակեն իրենց օդային տարածքը դեպի Ջիբրալթարի օդանավակայան ուղևորվող ինքնաթիռների համար, իսկ հարկային ստուգումներն առավել խիստ կանցկացվեն Ջիբրալթարի այն բնակիչների համար, որոնք սեփականություն ունեն Իսպանիայում։

Ներկա դրությամբ, հաշվի առնելով լարված իրավիճակը, Մեծ Բրիտանիայի նավերը Ջիբրալթարում կմնան 3 օր, ապա կշարժվեն դեպի արևելք՝ ծովային զորավարժություն անցկացնելու նպատակով։

Հավելենք, որ 1713-ին Իսպանիան զիջել է Ջիբրալթարը Մեծ Բրիտանիային, սակայն Իսպանիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է՝ գործարքն անօրինական էր, ուստի Ջիբրալթարը պետք է վերադարձվի Իսպանիային։ Բրիտանացիները ներկայումս վերահսկում են Պիրենեյան թերակղզու հարավային լեռնային առափնյա շրջանները՝ 6,5 կմ² տարածքով, շուրջ 30 հազար բնակչությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *