Հնարավո՞ր էր փրկել ջրծաղիկից մահացած զինվորին: Նրա հայրը լքում է ոստիկանական համակարգը

2011 թ. դեկտեմբերի 30-ին, բանակում ջրծաղիկից մահացած 18-ամյա Հայկ Խաչատրյանի հայրը՝ Մովսես Խաչատրյանն ասել է, որ լքելու է ոստիկանական համակագը. «Դուրս եմ գալու համակարգից, որ կարողանամ պայքարել, որ բացահայտվեն ու պատժվեն որդուս մահվան մեջ բոլոր մեղավորները»: Այս մասին տեղեկանում ենք news.am-ի հրապարակումից, որից նաև պարզ է դառում, որ զինվորի հարազատները դիմում-նամակ են հասցեագրել երկրի նախագահին ու պաշտպանության նախարարին՝ պահանջելով գործի արդարացի քննություն:

Իսկ panorama.am-ը զրուցել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադանյանի հետ: Հարցազրույցն արտատպվում է ստորև.

-Պարոն Փարսադանյան, ինչպիսի՞ ախտանշաններ են ի հայտ եկած եղել ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մոտ: Հնարավոր չէր արդյո՞ք փրկել զինվորի կյանքը:

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում որոշվել է, որ հիվանդի մոտ կա ջրծաղիկ` նրա վիստերիալ ձևը, այսինքն` ներքին օրգանների ախտահարող ձևը, ջրծաղիկային էնցիֆալիտ, ծանր ինտոկսիկացի, դիվերս սինդրոմ` հեմորագիր զարգացումներով: Իսկապես զինվորի մոտ շատ արագ, ես կասեի` կայծակնային արագությամբ, զարգացել է ջրծաղիկի այս տարատեսակը, որը ոչ թե ջրծաղիկի բարդություն է համարվում, այլ ջրծաղիկի հիվանդության այլ տեղակայում: Այն կարող է ախտահարել որովայնի բոլոր օրգանները, կրծքավանդակի օրգանները և կենտրոնական նյարդային համակարգը, ինչպիսին գլխուղեղն է, որի նշանները այդ զինվորի մոտ եղել են: Զարգացումները շատ արագ են եղել: Իհարկե, իրականացվել են կանխարգելիչ, բուժիչ համապատասխան համալիր միջոցառումներ` ներառելով ժամանակակից բոլոր դեղորայքները, բուժումները, այնուամենայնիվ, այս հիվանդությունը, որպես ջրծաղիկի տարատեսակ, իր ընթացքով, էությամբ, բուժումով և ելքով անկանխատեսելի է: Նախկինում էլ եղել են նման հիվանդներ. 2011 թվականին նույն Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում, ոչ զինվորական երկու հիվանդ և երկուսն էլ, այսպես ասած, վատ վախճանով: Կարող եմ միանշանակ ասել, որ այս հիվանդությունից շատ քչերն են բուժվել:

Կատարվո՞ւմ է արդյոք մասնագիտական փորձաքննություն` պարզելու զինվորի մահվան պատճառ հանդիսացած հիվանդության և ցուցաբերված բժշկական օգնության մանրամասները:

Զինվորի մահից անմիջապես հետո պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հատուկ անկախ հանձնաժողով` պրոֆեսոր Բենիկ Հարությունյանի գլխավորությամբ: Հանձնաժողովում ընդգրկված են և՛ զինվորականներ, և՛ Հայաստանի Հանրապետության ինֆեկցիոնիստ գլխավոր մասնագետները: Կարծում եմ` հանձնաժողովը դատաբժշկական փորձաքննության արդյունքում կկարողա ճիշտ որոշում կայացնել հիվանդության, նրա ընթացքի, բուժման և մյուս հարցերի վերաբերյալ: Հանձնաժողովը շուտով` մեկ-երկու օրվա ընթացքում կամփոփի աշխատանքները և կներկայացնի իր տեսակետները:

Հիշեցնենք, որ փաստի առթիվ ՊՆ Քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 376 հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետևանքներ):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *