Լեհաստանը շարունակում է զգալի ավելացնել ռազմական ծախսերը. The Economist

The Economist հանդեսն անդրադարձել է Լեհաստանի ռազմական ծախսերի թեմային։ Անգլիական պարբերականի «Մարզելով մկանները» հոդվածում կարդում ենք.

«Չնայած այն հանգամանքին, որ 1999-ից ի վեր Լեհաստանն ընդգրկված է ՆԱՏՕ-ի կազմում, ինչպես նաև ԵՄ անդամ է, Լեհաստանում այնքան էլ չեն հավատում այս կառույցների անդամակցության արդյունավետությանը։

Վերջին 5 տարիների ընթացքում Լեհաստանը տարբեր բնագավառներում աճ է գրանցել։ Դա մասամբ պայմանավորված է գերատեսչություններում բյուջեի սահմանափակումների հետ։ Սակայն 2011-ին իշխանության եկած Դոնալդ Թուսկի կառավարությունը սկսեց մեծ տեղ հատկացնել ռազմական ծախսերին՝ կոչ անելով արդիականացնել սպառազինությունը։ 2013-ի ռազմական բյուջեն արդեն կազմում է 9,5 մլրդ դոլար, որը 7%-ով ավել է 2012-ի համեմատ։ Դա մոտեցնում է Լեհաստանին ՆԱՏՕ այն չափանիշին, ըստ որի՝ ցանկալի է՝ անդամ երկրների ՀՆԱ 2%-ը զբաղեցնեն ռազմական ծախսերը։

Պաշտպանության նախարար Թոմաս Սիմոնյակը հայտարարել է, որ 43 մլրդ դոլար է տրամադրվում ռազմական ծախսերի համար, որպեսզի խորհրդային ժամանակներից մնացած, հնացած սպառազինությունը փոխարինվի կամ արդիականացվի։ Ռազմական բյուջեում սպառազինության գնումներին հատկացումները 15%-ից կաճեն 33%-ի։ Ծրագրվում է ձեռք բերել ՀՕՊ համակարգեր, նոր ռազմանավեր, արդիականացված տանկեր, ուսումնամարտական ինքնաթիռներ։

Ինչ վերաբերում է Լեհաստանի զինված ուժերին, ապա կամավոր զինծառայության հիմքերով բանակում կա մոտ 65 հազար զինծառայող՝ պահեստազորի ուժերը չհաշված։

Նշենք, որ այս քայլերով Լեհաստանը հետապնդում է նաև քաղաքական նպատակներ։ Լեհաստանն այն երկրների շարքում է, որոնք ջոկատներ են ուղարկել Իրաք։ Ավելին, կառավարության որոշմամբ լեհական ջոկատներ են ուղևորվել Աֆղանստան. արդյունքում Ղազնի նահանգում ավելի քան 40 լեհ զինծառայող է զոհվել։ Լեհաստանի իշխանություններն ամեն գնով փորձում են ազդեցության լծակներ ձեռք բերել ՆԱՏՕ-ի ներսում։

Հետաքրքիր է այն, որ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադեկ Սիկորսկին ասել էր՝ պետք է այնպես անել, որ Եվրոպան ինքը պատասխանատու լինի ու երաշխավորի սեփական անվտանգությանը, այլ ոչ թե ԱՄՆ-ն ամենուր «թողնի իր հետքը»։

Լեհաստանն իր որդեգրած քաղաքականությամբ փորձում է անպայման մասնակցել ՆԱՏՕ ցանկացած միջոցառմանը, կուրորեն հետևել դրա սկզբունքներին՝ առանց հաշվի առնելու սեփական ներուժն ու հնարավորությունը՝ հավանաբար հավատալով «ՆԱՏՕ անդամ մեկ երկրի վրա հարձակումը հավասարազոր է ամբողջ ՆԱՏՕ-ի վրա հարձակմանը» թղթի վրա գրված սկզբունքին։

Արտգործնախարարը խոսել էր նաև Ռուսաստանի՝ «օրեցօր աճող ռազմական ներուժի մասին, ինչն էլ Պուտինին թույլ է տալիս այդպիսի տոնով խոսել ՆԱՏՕ-ի հետ»։ Ռուսաստանի հետ հարաբերությունները նախարարը բնութագրել է որպես «պրագմատիկ, բայց փխրուն»։

Հավելենք, որ Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն բազմիցս իրենց անհանգստությունն են հայտնել ռուս-բելառուսական «Զապադ» ու «Լադոգա» 2009-ին կայացած զորավարժության, ինչպես նաև Լեհաստանում ու մերձբալթյան երկրներում տեղակայված ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերին՝ Մոսկվայից ուղղված հավանական սպառնալիքի առնչությամբ։ Որպես հակակշիռ ռուսական ակտիվությանը՝ Լեհաստանում անհամբեր սպասում են «Steadfast Jazz» անունը կրող և  ընթացիկ տարվա նոյեմբերին Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում ու Լեհաստանում կայանալիք լայնամասշտաբ զորավարժությանը, որին մասնակցելու է ավելի քան 5000 զինծառայող։

Լեհաստանը լռում է, որ նախապատրաստական ու բուն զորավարժության ժամանակ ծախսերի 70%-ը Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի ու Հունգարիայի ուսերին է։ ԱՄՆ-ն կարող է տրամադրել միայն 200 զինծառայող։ Նմանատիպ զորավարժություն է ծրագրված նաև 2015-ին, սակայն հնարավոր է՝ պատճառաբանելով բյուջեի սուղ միջոցներն ու ՌԴ-ի հետ հարաբերությունները չվատթարացնելու ցանկությունը՝ զորավարժությունը չկայանա։

Այսպիսով, պետական մակարդակով Լեհաստանը հիմնականում փորձում է ցույց տալ ՆԱՏՕ-ի հետ իր սերտ կապերն ու ռազմական բնագավառում նյութական միջոցներ չխնայելու քաղաքականության արդյունավետությունը, բայց չմոռանանք, որ եվրագոտում շարունակվող ճգնաժամը սպառնում է հանգեցնել բազմաթիվ երկրների ռազմական բյուջեի կրճատմանը»,-գրում է The Economist-ը։

 

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *