Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քատուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Ըստ մամուլի քարտուղարի՝ լուրջ միջադեպեր չեն գրանցվել։ Բարեբախտաբար, հայկական կողմը չունի վիրավորներ, և մեր զինվորներն իրենց գործը լավ են կատարում։
Նշենք, որ օգոստոսի 16-ի երեկոյան հակառակորդը դարձյալ խախտել էր հրադադարի ռեժիմը։ Բացի այդ լուրեր էին տարածվել, որ ադրբեջանական կողմը գնդակոծել է նաև սահմանամերձ Մովսես, Չինարի և Բերքաբեր գյուղերը։
Ռազմինֆոն զրուցեց Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանի հետ։ Նա նշեց, որ գյուղի վրա չեն կրակել։ «Մարտական դիրքերի կողմից կրակոցներ լսվել են, սակայն գյուղի վրա կրակոցներ չեն եղել»,- ասաց Սաղոյանը։
Լուրը հերքեց նաև Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանը. «Բացարձակ սուտ է: Մովսեսի վրա չեն կրակել: Դիրքերում են կրակոցներ լսվում` թուրքը երբեք հանգիստ չի մնա»։
Իսկ Բերքաբերի գյուղապետը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել։