Հարավային Կորեայի պաշտպանական գնումների գործակալությունը (DAPA) որոշել է բազմաթիրախային կործանիչների ձեռքբերման մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցներին։ Եզրափակիչում կորեացիների հետ պայմանագրի համար մրցելու են ամերիկյան «Բոինգ» կոնցերն ու եվրոպական EADS կոնսորցիումը, տեղեկացնում է Defence Talk-ը։
Հարավկորեական կառավարությունը որոշել էր 7,5 մլրդ դոլար հատկացնել նոր կործանիչներ ձեռքբերելու համար։ Երկրի խորհրդարանի որոշմամբ՝ մեկ կործանիչի համար առավելագույնը թույլատրվում է վճարել 122 մլն ամերիկյան դոլար։
Կորեացիների հայտարարած մրցույթին մասնակցում էին «Բոինգը» (Boeing), «Լոքհեդ Մարթինը» (Lockheed Martin), EADS-ը։
Եզրափակիչ փուլ են անցել «Բոինգն» ու EADS-ը, որոնք համապատասխանաբար առաջարկում են F-15 Silent Eagle և Eurofighter Typhoon կործանիչները։
«Լոքհեդ Մարթինն» առաջարկում էր F-35 Lightning II կործանիչը, որը, սակայն, դուրս է մնացել հետագա պայքարից հիմնականում իր բարձր արժեքի պատճառով (մեկ միավորը շուրջ 153 մլն ամերիկյան դոլար)։
«Բոինգի» առաջարկած F-15 Silent Eagle կործանիչը 70-ականներին ստեղծված F-15-ի խորապես կատարելագործված տարբերակն է։ F-15 Silent Eagle-ը 4++ սերնդի կործանիչ է, իսկ նրա մոտավոր արժեքը 100 մլն ամերիկյան դոլար է։ «Բոինգը» հարավկորեական կողմին խոստանում է պայմանագիր կնքելու դեպքում համագործակցել նաև տեղի պահեստամասեր արտադրող ընկերությունների հետ։
EADS կոնցերնի առաջարկած Eurofighter Typhoon կործանիչը, որը նույնպես 4++ սերնդի է։ Այս կործանիչի արժեքը կազմում է 123 մլն ամերիկյան դոլար։ EADS-ը նաև առաջարկում է Կորեայի հետ միասին զբաղվել հինգերորդ սերնդի կործանիչների ստեղծմամբ։ Եվրոպական կոնցերնը պատրաստ է 2 մլրդ դոլար ներդրում կատարել այդ նախագծում։
Ավելի վաղ Կորեայի Հանրապետությունը նախատեսում էր մրցույթը հետաձգել մինչ 2013 թվականի աշունը, սակայն այս մտադրությունը փոխվել է։