Եգիպտոսում շարունակվում են անկարգություններն ու ցույցերը

Օգոստոսի 18-ին Եգիպտոսում գրանցված անկարգությունների պատճառով զոհվել է 79, վիրավորվել 549 քաղաքացի։
Այնուհանդերձ, սրանք պաշտոնական թվերն են, որոնք եգիպտական կառավարությունը տրամադրել է MENA լրատվական գործակալությանը։

«Ռոյթերս» գործակալությունը վկայում է, որ վերջին 5 օրերի ընթացքում գահընկեց նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների ու հակառակորդների բախումների հետևանքով Եգիպտոսի ուժային կառույցներում, ինչպես նաև խաղաղ բանկչության շրջանում զոհվել է 830 հոգի։

Նշենք նաև, որ ժամեր առաջ հայտնի է դարձել՝ Սինա թերակղզու հյուսիսային հատվածում 2 ավտոբուսների վրա զինյալների հարձակման հետևանքով զոհվել է 24 ոստիկան, 3-ը վիրավոր են։

Սինայում եգիպտական իշխանությունները ռազմական գործողություններ են իրականացնում՝ այստեղ ապաստան գտած զինյալների խմբերին ոչնչացնելու նպատակով։ Սինայից թվով 500-1000 իսլամիստ զինյալները պարբերաբար հարձակումներ են կատարում ռազմական հենակետերի վրա։

AFP-ն տեղեկացնում է, որ օգոստոսի 18-ին Մուրսիի կողմնակիցները չեղյալ են համարել Կահիրեում նախապես ծրագրած մի քանի բողոքի երթեր՝ ելնելով անվտանգության նկատառումներից։ Մի քանի տեղ ցույցեր, այնուհանդերձ, եղել են։

Նույն օրը Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ արգելում են Մուրսիի հակառակորդներից կազմված ջոկատների գործունեությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եգիպտական ոստիկանությունը հետաքննություն է սկսել «Մուսուլման եղբայրների» 250 անդամների դեմ։ Նրանց ձերբակալել էին օգոստոսի 16-ին՝ ահաբեկչության ու սպանությունների մեղադրանքով։

Հիշեցնենք, որ անկարգություններն ու ցույցերը վերջին օրերին մեկնարկել էին, երբ ոստիկանական գործողություն էր իրականացվել՝ նախկին նախագահ Մուրսիին Կահիրեի հրապարակից դուրս բերելու համար։ Ցույցին հավաքվածները դիմադրություն են ցույց տվել, ինչից հետո էլ բախումներ են եղել։

Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունն օգոստոսի 15-ին արտակարգ դրություն էր հայտարարել երկրի գրեթե ամբողջ տարածքում, իսկ Կահիրեում ու ևս 11 շրջաններում՝ պարեկային ժամ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *