Օգոստոսի 19-ին Վաշինգթոնում հանդիպում կունենան ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտպանության նախարարները։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Չաք Հեյգելն իր չինացի պաշտոնակցին՝ Չան Վանցուանին, կընդունի Պենտագոնում, տեղեկացնում է AFP-ն։
ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքերով՝ նախարաները քննարկելու են երկկողմ հարաբերությունների, ռազմական համագործակցության, միջազգային և տարածաշրջանային խնդիրների, կիբեր պաշտպանության վերաբերյալ հարցեր։
Առանձին անդրադարձ է լինելու ԿԺԴՀ միջուկային ծրագրին, Չինաստանի և Ճապոնիայի միջև Արևելաչինական ծովում կղզիների հետ կապված տարաձայնություններին և այլ հարցերի։
Հատուկ ընդգծվում է, որ հիմնական թեմաների շարքում է կիբեր պաշտպանությունը։ Ամերիկյան կողմը մշտապես Չինաստանին մեղադրում է խոշոր կիբերհարձակումների համար, որոնք հարյուր միլիոնավոր դոլարների վնաս են հասցնում ԱՄՆ-ին։
Աղբյուրը նաև նշում է, որ հաջորդ տարի սպասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարի այցը Չինաստան։