Օգոստոսի 18-ին Բաքվի ժամանակով 18։00-ի սահմաններում Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական խմբավորումները, մասնավորապես, Ազգային խորհուրդը, քաղաքապետարանի արտոնությամբ ցույց էին կազմակերպել։
Ցույցն անցկացվել էր Բաքվի ծայրամասային Բաիլովո թաղամասում։
Տարբեր աղբյուրների համաձայն՝ ցույցին մասնակցում էին 3-5 հազար կամ 6-8 հազար քաղաքացիներ։ Ընդդիմադիր գործիչները նշում են 10 հազար ցուցարարների առկայության մասին։
Ցույցին պատրաստվել էին նաև ոչ մարտական պայմաններում կասկածելի հանգամանքներում զոհված կամ սպանված զինծառայողների մայրերը։ Ոստիկանությունը խոչընդոտել է իրենց զոհված որդիների լուսանկարներով դեպի ցուցարարները գնացող կանանց տեղաշարժը։
Համաձայն ադրբեջանցի օգտատերերի գրառումների ու լուսանկարների՝ կանանցից մեկն ուշագնաց է եղել։
Զինվորների մայրերին բռնությամբ ոստիկանական մեքենաներով տեղափոխել են ցույցի վայրից հեռու, ապա իջեցրել մեքենայից ու հեռացել։
Այնուհանդերձ, ցույցի լուսանկարներից երևում է՝ հանրահավաքին հաջողվել է մասնակցել ոչ մարտական պայմաններում սպանված զինվորների հայրերին։
Ցուցարարների մի մասը ևս զոհված զինվորների անուններ է վանկարկել՝ ներկա լինելով Ադրբեջանի ՊՆ-ի վարած քաղաքականության դեմ կոչեր կրող պաստառներով։
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին «Դոկտրինա» լրագրողական-ռազմական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերինլին հրապարակեց Ադրբեջանի բանակում տարվա սկզբից գրանցված մարդկային կորուստների ցուցակը, որտեղ ընդհանուր 58 զոհերից 49-ը ոչ մարտական պայմաններում զոհվածներն են։
Օգոստոսի առաջին օրերին ադրբեջանական սոցցանցային խմբերում ու էջերում քննարկումներ էին ընթանում ՊՆ-ին կամայականությունների ու բանակում զոհերի մեծ թվի դեմ նոր ցույց կազմակերպելու ուղղությամբ։