Հարավային Կորեան ու ԱՄՆ-ն սկսեցին ամենամյա համատեղ զորավարժությունը

Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան այսօր՝ օգոստոսի 19-ին, սկսել են ամենամյա համատեղ զորավարժությունը, որը կոչվում է Ulchi-Freedom Guardian։ ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության միջև զորավարժությունը տևելու է 12 օր։

Ամերիկյան կողմից վարժանքներին մասնակցելու է 30 հազար զինծառայող, իսկ հարավկորեական կողմից՝ 50 հազար զինծառայող։

Զորավարժության հրամանատարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը մեծ տեղ են հատկացնելու հրամանատարաշտաբային վարժանքներին, որոնց սցենարներն էլ հիմնականում մշակվելու են համակարգիչներով։  Զորավարժության ժամանակ անցկացվելու են նաև կիբեր հարձակումներից պաշտպանության վարժանքներ։

Նշենք, որ ԿԺԴՀ-ում, որն էլ Կորեային Հանրապետության հյուսիսային հարևանն ու հիմնական հակառակորդն է, ամերիկա-հարավկորեական վարժանքները համարում են քայլ ուղղված իրենց դեմ։ Պաշտոնական Սեուլն ու Վաշինգթոնը չեն թաքցնում, որ զորավարժությունների հիմնական նպատակը Հարավային Կորեայի պաշտպանությունն է հյուսիսային հարևանից։

Նշենք, որ երկու Կորեաների միջև հակամարտությունը սկսվել է 1950-ական թվականների սկզբին։ 1950-1953 թվականի կորեական պատերազմից հետո հաստատվել է զինադադար, սակայն կողմերի միջև այդպես էլ  հաշտության պայմանագիր չի կնքվել, և տասնյամյակներ շարունակ կողմերն իրար դիտում են որպես թշնամական երկրներ, իսկ նրանց միջև սահմանը համարվում է աշխարհի ամենապայթյունավտանգ կետերից մեկը։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *