Աֆրիկայի երկրները գալիք 10 տարում էական արդիականացում ու համալրում կիրականացնեն սպառազինության բնագավառում։Նման եզրակացության են հանգել Defense News պարբերականի հետ զրույցում մի շարք վերլուծաբաններ։
Նրանք մեկնաբանում են, որ արդիականացումը կապված է լինելու ահաբեկչական խմբավորումների ու իսլամիստ զինյալների՝ օր օրի աճող սպառնալիքի դեմ պայքարելու անհրաժեշտութան հետ։
Ուստի, ակնկալվում է, որ առաջիկա 10 տարում Աֆրիկյան մայրցամաքի՝ սպառազինության ու ռազմական տեխնիկայի գնմանը հատկացվող ծախսերը կգերազանցեն 20 մլրդ դոլարը։
Զիմբաբվեից գնդապետ Ջոզեֆ Սիբանդին վկայում է, որ ամերիկյան ու եվրոպական զենք-զինամթերք արտադրող ընկերություններն արդեն պատրաստվել են Աֆրիկայի երկրներին մեծ քանակի սպառազինության տրամադրելուն։
Օրինակ, Colt Defense ընկերությունն ընթացիկ տարվա օգոստոսին հարավաֆրիկյան Truvelo Armory ձեռնարկության հետ համաձայնագիր է կնքել, համաձայն որի՝ Colt Defense-ն իր վրա է վերցնում ԶՈւ և ոստիկանական ուժերի համար հրաձիգների արտադրությունը։
Նմանօրինակ պայմանագիր շվեյցարական B&T ընկերության հետ կնքել է մեկ այլ հարավաֆրիկյան Denel ընկերությունը։ Պայմանագիրը ենթադրում է Հարավաֆրիկյան հանրապետության տարածքում շվեյցարական 9 մմ տրամաչափի գնդացիրներից մինչև 40 մմ-անոց ականանետերի սերիական արտադրության հիմնում։
Հավելենք, որ ներկա դրությամբ Աֆրիկայի երկրները սպառազինության համատեղ արտադրության պայմանագրեր են կնքել Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Բրազիլիայի, Մալայզիայի ու Ֆրանսիայի հետ։ Սպառազինության շուկայում առավել հաստատված է Հարավաֆրիկյան հանրապետությունը, սակայն մի քանի տարի անց նրա հետ կմրցեն թերևս Արևելյան, Արևմտյան ու Հյուսիսային Աֆրիկայի երկրները։ Աֆրիկյան երկրներին զենք տրամադրող պետությունների շարքում առաջատար են դեռևս Ռուսաստանն ու Չինաստանը։
Հիշեցնենք, որ աֆրիկյան պետությունների մեծամասնությունը սպառազինության վրա մինչ այժմ նյութական նշանակալից միջոցներ չիծախսել, քանի որ գրեթե միշտ պետական բյուջեի հետ կապված խնդիրներ են ունեցել։ Բյուջեի ճեղքվածքների պատճառով զենք-զինամթերքի արդիականացում կատարվել է միայն խիստ անհրաժեշտության դեպքում։