ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 16-ին այցելեց «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը։ Բազեականները նախարարին դիմավորեցին հայկական բանակի հիմնի իրենց կատարումով։
Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ Սեյրան Օհանյանն անդրադարձավ մի շարք խնդիրների, ինչպես նաև պատասխանեց երիտասարդների հարցերին։
Պաշտպանության նախարարը, դիմելով բազեականներին, համոզմունք հայտնեց, որ եթե վաղն անհրաժեշտ լինի ոտքի կանգնել և պաշտպանել հայրենիքը, ապա երիտասարդներն անձնազոհությամբ կկատարեն դա, ինչպես ժամանակին՝ իր սերնդակիցները.
«1994թ. ի վեր, չնայած գոյություն ունի զինադադարի պայմանագիր, այնուամենայնիվ, խախտումներ լինում են։ Դրանք տեղի են ունենում մեր հակառակորդի կողմից, և այդ իրավիճակում մեր երիտասարդներն ամեն օր այդ քննությունը հանձնում են։ Մեր իրականությունը բացառիկ երևույթ է, քանի որ առանց որևէ խաղաղապահ ստորաբաժանման, մեր զինծառայողները, դեմ առ դեմ կանգնած հակառակորդի առջև, ոգու, պատրաստության, որակական չափանիշների շնորհիվ այդ քննությունն ամեն օր հանձնում են՝ պաշտպանելով մեր հայրենիքի սահմանները»։
Անդրադառնալով Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացին՝ Սերյրան Օհանյանը նշեց, որ արցախյան հակամարտության լուծման խնդրում մեր տեսակետները համապատասխանում են միջազգային նորմերին՝ ժողովուրդների ինքնորոշում, ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն։ Նախարարն ավելացրեց նաև, որ պատմաիրավական հիմքերը վեր հանելիս կտեսնենք, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախի հանրապետության, մանավանդ Արցապի հետ ոչ մի առնչություն չունի. Արցախի տարածքը շատ ավելի մեծ է, քան այսօր Արցախի Հանրապետության տարածքն է։ Ղարաբաղ ասելով՝ մենք պետք է հասկանանք և´ լեռնային, և´հարթավայրային Ղարաբաղը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի սպառազինմանը, ապա մեր ուժերը բավարար են պաշտպանվելու և հակահարձակողական և հակագրոհային միջոցառումներ իրականացնելու համար։
«Առօրյա մարտական հերթապահության ժամանակ մենք չենք տեսնում հակառակորդի ուժը, առաջին գծում մենք պարտադրողի դերում ենք»,- նշեց նախարարը։
Սեյրան Օհանյանը, անդրադառնալով բանակում կարգապահական խնդիրներին, ընդգծեց. «Բանակն ամրոց է պետության մեջ։ Մեր ամրոցում պետք է ապրել մեր ամրոցի օրենքներով։ Ով չի ուզում ապրել մեր ամրոցի օրենքներով, կգնա ապրելու ուրիշ օրենքներով՝ բերդի օրենքներով»։
Նախարարը պատասխանեց նաև Ադրբեջանում պահվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանին վերադարձնելու մասին հարցին։ Սեյրան Օհանյանը նշեց, որ արվում է հնարավորը՝ Հակոբին վերադարձնելու համար, ինչի հիմքերը կան։ Նա նաև ընդգծեց, որ Հակոբի նկատմամբ քրեական հետապնդում չի լինելու, քանի որ նրա գործողությունների մեջ ոչ մի քրեական բան չկա, և նա վերադարձվելու է, ինչպես շատերը:
Հանդիպումից հետո պաշտպանության նախարարն ընթրեց երիտասարդների հետ, տեղեկացնում է ՀԵՀ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։